ՀՀ փոխվարչապետ, ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ Արմեն Գևորգյանն այսօր մեկնեց Մոսկվա` մասնակցելու ԱՊՀ տնտեսական խորհրդի 57-րդ նիստի աշխատանքներին:
Խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված է ԱՊՀ մասնակից երկրների տնտեսական փոխգործակցության տարբեր ոլորտներին վերաբերող շուրջ երկու տասնյակ հարց: Մասնավորապես ուշադրության կենտրոնում կլինեն ինովացիոն, գիտատեխնիկական ոլորտներում գործակցության հարցերը, կքննարկվեն ԱՊՀ ճյուղային համագործակցության մարմինների հաշվետվությունները:
ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ փոխվարչապետը կմասնակցի նաև մարտի 15-ին Մոսկվայում կայանալիք միջազգային տնտեսական համաժողովին, որն այս տարի անցկացվում է «Արդի մարտահրավերներ և Համագործակցության տարածքում ինտեգրացիայի զարգացման հեռանկարներ» խորագրով:
Ավանդաբար անցկացվող համաժողովը ԱՊՀ երկրների պետական մարմինների ղեկավարների և գործարար շրջանակների առաջատար ներկայացուցիչների կառուցողական փոխգործակցության և փորձի փոխանակման կարևոր հարթակ է համարվում: Համաժողովի շրջանակում կկազմակերպվեն նաև տնտեսական համագործակցության տարբեր ուղղություններին նվիրված թեմատիկ կլոր սեղաններ:








































