Վրաստանի «օկուպացված տարածքների» շուրջ այսօր ստեղծված իրավիճակը Ռուսաստանի շահերից չի բխում,- այսօր տարածաշրջանային ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին: Այս մասին հաղորդում է Gruziya Online-ը:
«Եթե նույնիսկ Ռուսաստանն արդեն վաղը որոշի ամեն ինչ հետ դարձնել և հրաժարվի մեր տարածքների օկուպացումից, նա դա անել չի կարող. դրա համար երկար տարիներ են պետք»,- ասել է նա:
Իվանիշվիլին խորհուրդ է տվել Վրաստանի բնակչությանը զինվել համբերությամբ, քանի որ «5 րոպեում ոչինչ չես լուծի»: «Ես մտադիր չեմ փոխել իմ դիրքորոշումն ու հանդիմանել Ռուսաստանին: Մենք համբերությամբ, առանց ձեռքերը ծալելու, կպայքարենք Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնման համար»,- ասել է նա:
Դրա հետ մեկտեղ Իվանիշվիլին ընդգծել է, որ «օկուպացիա» և «անջատողականություն» տերմինները հանդիսանում են իրականության արտացոլումը, և Վրաստանը երբեք չի հրաժարվի դրանցից Ռուսաստանի հետ հարաբերություններում:










































