Հունաստանում տարրական դասարանների աշակերտներին կտրվի անվճար նախաճաշ, մասնավորապես՝ միրգ: Դա կտրվի սոցիալական օգնության շրջանակներում: RIA Novosti-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է նորությունների հունական գործակալությունը: Ծրագիրն իրականացնում է գյուղատնտեսության նախարարությունը, որը միջոցները ստացել է ԵՄ-ից:
Ծրագիրը կվերաբերի երկրի 3 հազար 522 դպրոցների 364 հազար 665 աշակերտների: Աշակերտներին տրվելու է թարմ նարնջի հյութ կամ միրգ՝ խնձոր, տանձ, նարինջ: Ճգնաժամի հետևանքով դժվարությունների մեջ հայտնված ընտանիքներին, բացի օգնությունից, նախարարությունը մտադիր է ապահովել նաև առողջ սննդով: Գյուղատնտեսության նախարար Ատանասիոս Ցավտարիսը մտադիր է հինգշաբթի դպրոցներից մեկում առողջ սննդի վերաբերյալ դասընթաց անցկացնել:







































