Կազբեկ-Լարս ավտոճանապարիը երեկ ձյան փլուզման պատճառով փակվել է: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հազարավոր մեքենաներ մնացել են սահմանից այն կողմ: ՀՀ շատ քաղաքացիներ ստիպված են եղել ավտոճանապարհին հարակից բնակավայրերում բնակարաններ վարձել անորոշ ժամանակով:
Բանն այն է, որ որևէ կողմից՝ ոչ Հայաստանից, ոչ Վրաստանից, ճանապարհին մնացած քաղաքացիներին ստույգ ոչինչ չեն ասում: «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Տիգրան Բալայանից պարզել, թե ինչ քայլեր են ձեռնարկվում քաղաքացիների, տեղաշարժն ապահովելու ուղղությամբ: «Կախված է եղանակային պայմաններից: Վրացական իշխանությունները չեն կարող հստակ ժամանակ ասել»,- նշեց նա:
Թերթը փորձեց պարզաբանումներ ստանալ նաև Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանից, սակայն վերջինս հաղորդագրություններին այդպես էլ չպատասխանեց:










































