ԱՄՆ-ում սկանդալ է բռնկվել արագ սննդի ցանցի շուրջ: Լատինաամերիկացի ու ասիացի ուսանողները, որոնք գալիս են աշխատելու Summer Work and Travel ծրագրով, գերի են ընկնում գործատուին:
27-ամյա արգենտինացի ուսանող Խորխե Ռիոսը պնդում է, որ իրեն ստիպել են անվճար աշխատել Փենսիլվանիա նահանգի Հարրիսբերգ քաղաքի McDonald’s ռեստորանում: Ռիոսը վճարել էր 3000 դոլար ԱՄՆ գալու ու Summer Work and Travel ծրագրով աշխատելու համար: McDonald’s-ում նա աշխատել է շաբաթը 40 ժամից ավելի, բայց նրան վճարել են պայմանագրով նախատեսվածից ավելի քիչ գումար:
Անցած շաբաթ Արգենտինայից, Բրազիլիայից, Չիլիից Պարագվայից, Պերուից ու Մալայզիայից ուսանողները Հարրիսբերգում կազմակերպել էին գործադուլ ֆասթ-ֆուդի հսկայի դեմ՝ աշխատանքային օրենսդրությունը խախտելու համար: Ցույցին աջակցել են նաև ամերիկյան արհմիությունները:









































