Աթենքի և վարկատուների միջև բանակցությունները նոր համաձայնագրի վերաբերյալ՝ տեխնիկական մակարդակով կսկսվեն երեքշաբթի օրը, քննարկումը կընթանա մի քանի աշխատանքային խմբով: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել են Հունաստանի ֆինանսների նախարարությունում:
«Տեխնիկական մակարդակով բանակցությունները կսկսվեն երեքշաբթիից, ինչպես ավելի վաղ էր որոշվել: Զուգահեռ մի քանի աշխատանքային խումբ կաշխատի, որոնք կքննարկեն բյուջեի, կենսաթոշակային, աշխատանքային հարաբերությունների, ապրանքային շուկաների և այլ հարցեր»,- հայտնել է ֆինանսների նախարարության ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ «հաջորդ մի քանի օրը» սպասվում է նաև վարկատուների առաքելությունների ղեկավարների ժամանումն Աթենք:
«Ինչ վերաբերում է նախնական միջոցառումների մասին հրապարակումներին՝ ապա ո՛չ եվրագոտու հուլիսի 12-ի գագաթնաժողովի համաձայնագրում, ո՛չ ESM-ին ուղղված՝ ֆինանսների նախարար Էվկլիդես Ցոկալոտոսի երկու նամակներում նախնական միջոցառումների երրորդ փաթեթի նվազագույն ակնարկ անգամ չկա»,- ասել են ֆինանսների նախարարությունում:









































