Ռուսաստանն ու Մեծ Բրիտանիան առաջին անգամ «2+2» ձևաչափով՝արտգործնախարարների և պաշտպանության նախարարների մասնակցությամբ Լոնդոնում «Ռազմավարական երկխոսություն» հանդիպմանը կքննարկեն Սիրիային և Իրանին առնչվող խնդիրներն ու ակտուալ երկկողմ հարցեր: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Այցի նախօրեին մեկնաբանելով առաջիկա հանդիպման օրակարգը՝ ՌԴ ԱԳՆ-ի տեղեկատվական դեպարտամենտում գործակալությանն ասել են, որ հանդիպման ժամանակ կողմերը կքննարկեն իրանական միջուկային ծրագիրը (Ռուսաստանն ու Մեծ Բրիտանիան հանդիսանում են միջազգային միջնորդների «վեցյակի» անդամ.- 1in.am), Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված իրավիճակը:
Մոսկվան մտադիր է բարձրացնել նաև եվրոպական անվտանգության խնդիրը, ներառյալ եվրոպական ՀՀՊ զարգացումը: Կողմերը կքննարկեն նաև Մերձավոր Արևելքում տիրող ներկայիս վիճակը:
Փորձագետները մեծ հետաքրքրությամբ եմ սպասում նախարարների առաջիկա բանակցություններին. սիրիական հարցի կարգավորման շուրջ Մոսկվայի և Լոնդոնի դիրքորոշումները չեն համընկնում:
Ռուսաստանը հանդես է գալիս քաղաքական ուժերի համախմբման և նրանց միջև բանակցությունների մեկնարկի օգտին, մինչդեռ Լոնդոնը բացեիբաց աջակցում է նախագահ Բաշար Ալ-Ասադի հակառակորդներին: Բրիտանական կողմը հայտարարել է սիրիական ճգնաժամի լուծման ուղիների վերաբերյալ Ռուսաստանի հետ փոխզիջման որոնումը շարունակելու մտադրության մասին:









































