Երեկ ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ, պատգամավոր Դավիթ Հարությունյանին «Հայկական ժամանակը» խնդրեց մեկնաբանել երկրում ստեղծված իրավիճակը, մասնավորապես՝ նախագահական ընտրություններում պաշտոնական արդյունքներով երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուի կողմի հացադուլ հայտարարելը:
«Թեպետ ես և Րաֆֆի Հովհաննիսյանը ունենք տարբեր քաղաքական կողմնորոշում, այնուամենայնիվ ես իրեն մեծ հարգանքով եմ վերաբերվում որպես ազնիվ քաղաքացի: Այնուամենայնիվ, այս քայլը (հացադուլը, հեղ.) ինձ համար ընդունելի չէ: Ցավոք սրտի, հիշում եմ, որ երբ նա ԵԽԽՎ պատվիրակության կազմից դուրս գալուց հայտարարեց Եվրոպայի խորհրդում, որ քանի այդ կազմակերպությունը չի դարձել ժողովրդավար, նա չի կարող մասնակցել այդ կառույցի աշխատանքներին: Նման քայլը շատերի կողմից դիտվեց որպես պատանեկություն: Ես կարծում եմ, որ այս քայլը շատ նման է նմանատիպ մի քայլի և չեմ կարծում, որ սա ճիշտ քաղաքական քայլ էր»,-ասաց Հարությունյանը:
– Պարոն Հարությունյան, եթե 37 տոկոս քվե ստացած թեկնածուն գնում է հացադուլի, արդյո՞ք չի նշանակում, որ երկրում քաղաքական ճգնաժամ կա:
– Ես չեմ կարծում, որ դա կարելի է կապել ճգնաժամի հետ, կամ որևէ կերպ վկայում է ճգնաժամի մասին: Ի վերջո, նա կարող էր ունենալ նույնիսկ 50 տոկոս մինուս 1 ձայն, իսկ գործող նախագահը՝ 50 տոկոս պլյուս մեկ ձայն: Նախագահական ընտրությունների առանձնահատկությունն այն է, որ հաղթողը ստանում է ամեն ինչ, ի տարբերություն խորհրդարանական ընտրությունների:
– Ըստ Ձեզ, իշխանությունները պե՞տք է որոշակի քայլեր ձեռնարկեն՝ որպես արձագանք այս իրավիճակի:
– Ես չեմ կարծում, որ արձագանք պետք է լինի հացադուլին: Արձագանք իրավիճակին՝ միանշանակ, հաշվի առնելով այն, որ բնակչության 37 տոկոսը դժգոհ է տարվող քաղաքականությունից, ինչը նշանակում է, որ քայլեր, իհարկե, կձեռնարկվեն:
– Որևէ կոնկրետ քաղաքական լուծում՝ այս պարագայում:
Ես չեմ կարծում:










































