Միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունը պահանջել է անհապաղ ազատ արձակել կիրակի Բաքվում բողոքի ակցիային մասնակցելու համար ձերբակալվածներին և սկսել տեղի ունեցածի անաչառ հետաքննություն: Այս մասին հայտնում է BBC-ն:
«Ադրբեջանցի ոստիկաններն անհարկի ուժ են գործադրել բողոքի խաղաղ ակցիան ցրելու համար,- հայտարարել է Human Rights Watch-ի տնօրենի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով տեղակալ Ռեյչել Դենբերը,- Ադրբեջանի կառավարությունը չի տատանվում ակնհայտ կերպով խախտելու խաղաղ ճանապարհով իրենց դժգոհությունն արտահայտող մարդկանց հիմնարար իրավունքը»,- ասել է իրավապաշտպանը:
Մարտի 10-ին հարյուրավոր երիտասարդներ ու ընդդիմության ակտիվիստներ հավաքվել էին Բաքվի կենտրոնական Շատրվանների հրապարակում՝ իրենց բողոքն արտահայտելով բանակում նոր զորակոչվածների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեմ, և պահանջել էին երիտասարդ զինվորների մահվան դեպքերի հետաքննություն:
Սոցցանցերով կազմակերպված հանրահավաքի պատճառը շարքային Սեյմուր Ալլահվերդիևի մահն էր: Պաշտոնական վարկածով՝ նա ինքնասպան է եղել ինքնաձիգից արձակված կրակոցից, սակայն նրա հարազատները պնդում են, որ նա մահացել է բռնի մահով:
Իշխանությունները ակցիան անվանել են նախագահական ընտրություններին ընդառաջ՝ Ադրբեջանում իրադրության ապակայունացման փորձ: Հավաքվածներին ցրելու համար իրավապահները կիրառել են ջրցան մեքենաներ և ռետինե փամփուշտներ: Ձերբակալվել է 100-ից ավելի ցուցարար, առնվազն 24-ը տուգանվել են կամ դատապարտվել ազատազրկման:








































