Sunday, 21 06 2026
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
18:40
Գերմանիան գաղտնի բանակցել է «Թալիբանի» հետ․ վտանգավոր աֆղանցիները կարտաքսվեն
18:30
Սթարմերը հրաժարական կտա. Թրամփ
«Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների սաներ
18:10
«Կհարվածենք ավելի ուժեղ»․ Թրամփի վերջնագիրը Իրանին
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
17:50
Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim
«Chevrolet»-ը տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն․ ավտովթար՝ Ավան-Առինջում
ՑԱԽԱԼ-ը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ին 170 մլն դոլար փոխանցած ահաբեկիչների
Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
17:10
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը
ՌԴ-ում տղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա, վնասվածքներ հասցրել մի քանի երեխայի
Ավտովթար՝ Մուղնիում․ կան 1 զոհ, 6 վիրավոր
16:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Հունիսի 21-22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի մասին
16:10
Կլինեն քառակողմ բանակցություններ․ Իրանի ԱԳՆ
Այսուհետ հայ ուսանողները կարող են սովորել Վիեննայի Բեթհովենի անվան կոնսերվատորիայում

Վանաձորում 38-ամյա տղամարդը 10-րդ անգամ դատապարտվեց կնոջը «սպանելու» և ծեծելու համար

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Արմեն Թամարյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նարինե Հովակիմյանի նախագահությամբ:

38-ամյա Արմենը դատապարտվել է սկսած 17 տարեկանից: Սա նրա 10-րդ դատվածություն է:

Վերջին մի քանի անգամը Արմենը դատապարտվել է խուլիգանության համար, իսկ իններորդ անգամը տուժողին միջին ծանրության վնաս հասցնելու և սուտ մատնություն կատարելու համար Արմենը դատապարտվել է 5 տարի ազատազրկման:

Այդ պատժից նա ազատվել է 2014 թվականի հոկտեմբերի 1-ին՝ պատժի 2 տարի 8 ամիս 13 օրը չկրած:

Ազատության մեջ մի քանի շաբաթ մնալուց հետո Արմեն Թամարյանը վերստին անազատության մեջ է հայտնվել 2014 թվականի հոկտեմբերի 25-ին:

Այս անգամ նա մեղադրվել է իր փաստական կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու, նրան ծեծելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով՝ երկու դրվագով, ինչպես նաև մեկ այլ տուժողի սպանության սպառնալիքներ տալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդվածի 1-ին մասով:

Ըստ դատական ակտի՝ 2014 թվականի հոկտեմբերի 1-ին Արմեն Թամարյանը Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դահլիճից ազատ է արձակվել ու կնոջ և երկու երեխաների հետ բնակություն է հաստատել Վանաձոր քաղաքում Զարիկ Խ.-ի տանը:

2014 թվականի հոկտեմբերի 21-ին, ժամը 19-ի սահմաններում խանդի հողի վրա վերոհիշյալ տանը Արմենը ծեծել է կնոջը՝ Նաիրային, նա դիտավորությամբ ոտքերով ու ձեռքերով հարվածներ է հասցրել կնոջն ու պատճառել է առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ:

Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 22-ին, առավոտյան ժամը 9-ի սահմաններում նույն տանը Արմենը խանդի հողի վրա նորից վիճել է կնոջ հետ, ծեծել է նրան, քաշել է մազերից ու պատճառել է ֆիզիկական ցավ:

Հոկտեմբերի 24-ին, ժամը 20-ն անց 30-ի սահմաններում Արմենը իր ընտանիքին օթևան տված Զարիկ Խ.-ից պահանջել է տանից վտարել կնոջը՝ Նաիրային, սպառնացել է սպանել նրան ու ոչնչացնել նրա գույքը, եթե իր պահանջը Զարիկը չկատարի 15 րոպեի ընթացքում:

Քիչ անց Արմեն Թամարյանը վերադարձել ու տեսել է, որ Զարիկը չի կատարել իր պահանջը: Նա, որպես սպանության ու գույքի ոչնչացման իր սպառնալիքների իրականացում՝ իր մոտ գտնվող կրակայրիչով այրել է բնակարանի սառնարանի վրա գցված կտորե ծածկոցը: Զարիկին հաջողվել է Արմենին դուրս հանել բնակարանից և մարել կրակը:

Նախաքննության ժամանակ Արմեն Թամարյանն իրեն մեղավոր չի ճանաչել ու հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

Դատարանում Արմենը հայտնել է, թե Զարիկին ճանաչել է «հեռակա կարգով», նրա հետ շփումից մշտապես խուսափել է:

Զարիկն իր կնոջ՝ Նաիրայի մտերմուհին է: Օգտագործելով վերջինիս «անօգնական կենցաղային վիճակը, տիրապետելով նրա գաղտնիքներին, շանտաժի միջոցով Զարիկը պահանջել է իր նկատմամբ խնամքային բնույթի միջոցներ»:

Ըստ Արմենի՝ այդ «խորամանկ կինը՝ Զարիկը,… թշնամության դիտավորությամբ, իրենից վրեժխնդիր լինելու և ազատվելու միտումով ոստիկանությունում հոկտեմբերի 24-ին կեղծ հաղորդում է ներկայացրել… դրան հաջորդել են ցուցմունքների զրպարտալից մեջբերումներ և պնդումներ»:

Ամբաստանյալի խոսքերով՝ իրեն բերման են ենթարկել Զարիկի կողմից իր կնոջը տրամադրած ննջասենյակից՝ «արթնացնելով քնած տեղից, ինչին հաջորդել է բռնության միջադեպը… Այն, որ իրեն քնած տեղից են արթնացրել, վկայում է, որ Զարիկի նկատմամբ ինքը ոչ մի բացասական կամ հանցավոր բնույթի գործողություն չի իրականացրել: Ինքը Զարիկի հետ վիճաբանելու նպատակ չի ունեցել: Նրան սպանելու, նրա գույքը ոչնչացնելու ուղղությամբ իր մեջ երբևէ «նմանատիպ հերյուրանք պարունակող գործողությունների մտքեր չեն ծագել, այդ ուղղությամբ չի էլ մտածել… Իրեն մեղսագրվածը, Զարիկի կողմից իրեն վնաս պատճառելը էժանագին խաբկանք է:

Ինքը մարդասպանի կամ քրոնիկ հանցագործի հոգեբանությամբ արատավորված անձ չէ, ուստի և վերծանումը հանձնել է դատարանի ներքին համոզմունքին, իր կողմից առաջ քաշված օբյեկտիվ, ճնշող փաստերի առկայությամբ…

Գործում որպեսզի իրեղեն ապացույց հանդիսացող չակերտավոր հրկիզված սփռոցը իր տակդիրի համադրությամբ… կեղծված է, կատարվել է ակնհայտ սուտ մատնություն, մատնանշվել ու լուսանկարվել են շինծու հանցագործության նյութեր…

Փայտե պահարանը արձանագրվել է որպես սառնարան… Չակերտավոր հրկիզված սփռոցի արժեքը կազմել է 250 դրամ… Եթե Զարիկի բանավոր հայտարարությանը հավատանք, հրկիզված սփռոցը նա հանգցրել է ձախ ձեռքով: Ուրեմն նրա ձեռքի ափի ներսին ու արտաքին մակերեսին պետք է լինեին այրվածքի հետևանքից առաջացած բշտիկներ… Դրանք չկան…

Ինքը կալանքի տակ գտնվելու յոթ ամիսների ընթացքում ՀՀ ողջ կառավարության բարձրաստիճան կառույցներին և մարմիններին, ընդհուպ ՀՀ նախագահին նամակներ է ուղղել, հայտնել է, որ ինքը նման հանցագործություններ չի կատարել, իրեն զրպարտում են ամենայն ստորությամբ…

Զարիկի կեղծ խոսքերի, կասկածների, ենթադրությունների, գուշակությունների հիման վրա չի կարող դատական ակտ կայացվել:

Ինքը Զարիկի հասցեին տվել է որոշակի հայհոյանքներ, բառացիորեն կոպիտ նախադասություններով անպատվել է նրան, սակայն այդ ամենը կատարվել է կենցաղային հողի վրա ստեղծված վիճաբանության հետևանքով…»:

Ամբաստանյալը խնդրել է մեղադրանքի այդ մասով իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել, գործի վարույթը կարճել:

Իսկ կնոջը երկու դրվագով ծեծելու վերաբերյալ Արմենը հայտնել է, թե կինը «ճարպիկ ստախոս է, վատ մայր, սեփական երեխաներն անգամ ոչ մի նշանակություն չունեն նրա համար, նա ցուցաբերում է սադիստական մոտեցում, երեխաների խնամքով առհասարակ չի զբաղվում… Նրա ավանդական շինծու հաղորդումների ու ցուցմունքների արդյունքում ինքը Վանաձորում արդեն 7 անգամ դատապարտվել է նույն սցենարով…

Կնոջ անպարկեշտ վարքագիծը երկար ժամանակ ինքը հանդուրժել է հանուն երեխաների, սակայն հերթական անգամ հոկտեմբերի 21-ին լսելով նրա հայհոյանքները, կորցրել է ինքնատիրապետումը, ոտքի մեկ հարված է հասցրել կնոջ ոտքին ու թքել է նրա դեմքին, նրա հասցեին տվել է հայհոյանքներ ու հեռացել է տնից: Հոկտեմբերի 22-ին կնոջը չի հանդիպել, նրա հետ չի վիճել, նրան չի ծեծել: Վերջին անգամ նրան տեսել է հոկտեմբերի 23-ին ոստիկանության բաժնում…

Անձամբ իր երկու որդիներին նստեցրել է մեքենա, վերադարձրել է տուն, քանի որ տեղեկություններ ուներ, որ կինը հերթական անգամ պատրաստվում էր երեխաներին հանձնել մանկատուն… Ինքը կնոջը միայն մեկ անգամ ոտքի հարված է հասցրել… Խնդրում է իրեն առաջադրված շինծու մեղադրանքի մասով քրեական գործը կարճել, քրեական հետապնդումը դադարեցնել, քանի որ մեկ հարվածը որպես ծեծ չի կարող ընդունվել…»:

Տուժող Զարիկը հայտնել է, թե բարեգործական ճաշարան այցելելու ընթացքում է ծանոթացել Նաիրայի հետ: Մոտ մեկ տարի առաջ Նաիրան երկու որդիների հետ բնակություն է հաստատել իր որդու տնակում:

Այդ ընթացքում ինքն իմացել է, որ Նաիրայի ամուսին Արմենը դատապարտված է, շուտով ազատվելու է:

Իր որդին այդ մասին իմանալով՝ պահանջել է, որ Նաիրան ազատի տնակը, քանի որ չի ցանկացել առնչություն ունենալ Նաիրայի ամուսնու հետ:

Նաիրան իրեն խնդրել է, որ գոնե մինչև 2015 թվականի գարուն ապրի իր տանը: Ինքը համաձայնել է՝ կարծելով, թե Արմեն Թամարյանը իր ներկայությունից կամաչի ու նորմալ վարքագիծ կդրսևորի:

Արմենն ազատվել ու Նաիրայի հետ ապրել է իր տանը: Սկզբում նա իրեն նորմալ է պահել, բայց մի քանի օր հետո սկսել է չարաշահել ալկոհոլը, վիճել է կնոջ հետ…

Արմենը սպառնացել է նաև իրեն ու ասել է. «Եթե էսօր Նաիրային տանից դուրս չհանես, տան ապակիները կջարդեմ, բենզինը կլցնեմ տանդ մեջ ու քեզ էլ հետը՝ տունդ կվառեմ»…

Արմենը ծեծել է Նաիրային, սպառնացել է, որ իր պահանջները չկատարելու դեպքում իրոք վառելու է տունն ու իրեն…

Նա իրեն 30 հազար դրամ է առաջարկել պայմանով, որ ինքը Նաիրայի ու երեխաների իրերը դուրս հանի տանից, վտարի նրանց: Ինքը չի համաձայնել…

Երբ Արմենը տեսել է, որ ինքը նրա պահանջները չի կատարում, ասել է. «Ժամանակը սպառվել է, տես, թե ինչպես եմ տունդ վառում քեզ էլ մեջին»:

Նա այրել է իր սառնարանին գցված սփռոցը:

Ինքը մոտեցել է, կարծես «գերբնական ուժ ստանալով»՝ ուժգին հրել և տանից դուրս է բերել Արմենին, մյուս ձեռքով հանգցրել է սփռոցի կրակը:

Արմենը դիմադրել է, արմունկով հարվածել է իր կրծքավանդակին, փորձել է շարունակել հրկիզումը: Բայց ինքը կարողացել է Արմենին դուրս բերել… Հետո ինքը փախել է տնից, գնացել է եղբոր տուն ու զանգել է ոստիկանություն…

Եթե ինքը սփռոցի կրակը չհանգցներ, Արմենը կայրեր իր բնակարանն ու գույքը, իրեն կպատճառվեր 2 միլիոն դրամի վնաս:

Դատարանում Զարիկն ասել է, որ եթե Արմենը խմած չլիներ, այդքան բանը չէր անի: Երեք օր շարունակ Արմենը սպառնացել է, թե իր տունն ու իրեն կվառի, ինքը նրա ասածներին հավատացել է, բայց այնքան էլ չի վախեցել, իսկ երբ նա սփռոցը վառեց, ինքը արդեն ավելի վախեցավ…

Տուժող Նաիրան հայտնել է, որ ամուսինը՝ Արմենը, բազմիցս դատվել է, վերջին անգամ դատապարտվել է իրեն խոշտանգելու համար…

Արմենի «զրպարտող, խառնակիչ բնավորությունն իմանալով՝ Զարիկի որդին խնդրել է, որ իրենք ազատեն նրա տնակը… Զարիկը համաձայնել է իրենց ժամանակավոր սենյակ տրամադրել… Իրենց կրտսեր որդին մեկ տարեկան է… Տասն օր հաշտ ապրելուց հետո Արմենը ծեծել է իրեն որդիների ներկայությամբ…»:

Արմեն Թամարյանը, համաձայն դատահոգեբուժական, դատահոգեբանական, նարկոլոգիական համալիր փորձաքննության եզրակացության՝ հոգեկան հիվանդությամբ չի տառապել ու չի տառապում, նրա մոտ հայտնաբերվել է «անձի օրգանական խանգարում, ալկոհոլի կործանարար գործածում»:

Արմեն Թամարյանը ճանաչվել է սահմանափակ մեղսունակ: Պատիժ կրելու ընթացքում նա պետք է գտնվի նյարդահոգեբույժի և նարկոլոգի հսկողության տակ…

Ընդհանուր իրավասության դատարանն արձանագրել է, որ առկա է Արմեն Թամարյանի կողմից հանցագործությունների կատարման առանձնապես վտանգավոր ռեցիդիվը:

Արմեն Թամարյանը մեղավոր է ճանաչվել կնոջը երկու դրվագով ծեծելու և տուժող Զարիկին սպանելու, նրա գույքը ոչնչացնելու սպառնալիքներ տալու համար:

Վերջին հաշվով Արմեն Թամարյանը դատապարտվել է 3 տարի ազատազրկման և 100 հազար դրամ տուգանքի:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել ամբաստանյալ Արմեն Թամարյանը: Նա խնդրել էր իր պատիժը մեղմացնել, դատապարտել 2 տարի 2 ամիս ազատազրկման, իսկ տուգանքի ձևով նշանակված պատիժը փոխարինել կալանքով:

Վերաքննիչ քրեական դատարանում Արմեն Թամարյանն ասաց, թե չի ցանկանում պաշտպան ունենալ, ինքը կպաշտպանի իր շահերը ու կներկայացնի բողոքը:

Նա ասաց, թե Նաիրայից հինգ որդի ունի, որոնցից չորսը անչափահաս են, իսկ ավագ որդին՝ չափահասը, ներկայումս ծառայում է բանակում: Ինքը հայրություն չի ճանաչել, որովհետև «էն ժամանակ՝ 90-ականներին, միայնակ մայր էին գրվում, որ պետությունից փող ստանան»:

Ամբաստանյալն ասաց, թե ինքը, ճիշտ է, իր կյանքի 14 տարիներն անց է կացրել կալանավայրում, բայց հանցագործ չէ. «Իմ սխալն էն է, որ սխալ ընտրություն եմ կատարել, կյանքս սխալ է ընթացել»:

Կնոջ մասին Արմենն ասաց. «Ընտեղ մայր չկա, ես հանուն իմ երեխաների եմ ամեն անգամ դատվել…»:

Արմենն իր պատիժը մեղմացնելու մի քանի հիմնավորում բերեց. իր խնամքին անչափահաս երեխաներ կան, ի՞նչ անենք, որ ինքը հայրություն չի ճանաչել: Ինքը շիզոֆրենիայով հիվանդ քույր ունի, ում հիմա իր մայրն է պահում, բայց երբ մայրը չլինի, ինքն է պահելու, ինքը քրոջն ուրիշ տեղեր չի գցելու: Ինքն էլ վատառողջ է, դրա վերաբերյալ բժշկական թղթեր կան: Իր ավագ որդին զինծառայության մեջ է, մի տարուց վերջացնում է ծառայությունը, ինքն ուզում է շուտ ազատվել և որդու կողքին լինել:

Արմեն Թամարյանն ասաց, թե վերջին 14 տարին ոչ մի Նոր տարի ազատության մեջ չի դիմավորել, եթե վերաքննիչ դատարանը փոքր-ինչ մեղմացնի իր պատիժը, հնարավոր է, որ կարողանա հերթական Նոր տարին իր երեխաների կողքին դիմավորել…

Արմեն Թամարյանը խնդրեց նաև տուգանքի ձևով պատիժը փոխարինել կալանքով՝ ասելով, թե հնարավորություն չունի տուգանք վճարելու:

Մեղադրողն առարկել էր ամբաստանյալի վերաքննիչ բողոքի դեմ՝ պնդելով, թե առանձնապես վտանգավոր ռեցիդիվի պայմաններում հնարավոր չէ ավելի մեղմ պատիժ նշանակել Թամարյանի նկատմամբ, սպանության սպառնալիքների համար նա դատապարտվել է 1 տարի 10 ամիս ազատազրկման, դրան գումարվել է նախորդ պատժի չկրած մասը: Ինչ վերաբերում է տուգանքին, ապա օրենքով անթույլատրելի է նախնական կալանքի մեջ գտնվողի նկատմամբ որպես պատիժ՝ կալանք սահմանել, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով որպես պատիժ նախատեսված է միայն տուգանք կամ կալանք :

Վերաքննիչ դատարանը նկատեց, որ առանձնապես վտանգավոր ռեցիդիվի պայմաններում ամբաստանյալը չպետք է դատապարտվեր տուգանքի, բայց նրա նկատմամբ տվյալ հոդվածով չի կարող նաև կալանք նշանակվել…

Վերաքննիչ քրեական դատարանը մասնակիորեն բավարարեց Արմեն Թամարյանի վերաքննիչ բողոքը: ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով՝ 2 դրվագով, նրան մեղավոր ճանաչեց… առանց քրեական պատիժ նշանակելու: Նման բանի հաճախ չես հանդիպի…

Իսկ Արմեն Թամարյանի նկատմամբ որպես պատիժ սահմանված 3 տարի ազատազրկումը թողնվեց անփոփոխ:

Այսինքն, Թամարյանը ազատվեց տուգանքի ձևով պատժից, որը, օրենքի պահանջի համաձայն, նրա նկատմամբ չէր կարող նշանակվել… ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով Արմենին համապատասխան պատիժ, փաստորեն, չկար…

Արմեն Թամարյանը շնորհակալություն հայտնեց, նախապես էլ ասել էր, թե ամեն դեպքում, անգամ՝ եթե իր բողոքն ամբողջությամբ մերժվեր, ինքը շնորհակալություն էր հայտնելու…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում