Մարտի 13-ին Գյումրիում պետք է տեղի ունենար երգչուհի, ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանի ջազ-համերգը: 200 տոմսերը, ինչպես «Առաջին լրատվական»-ին տեղեկացրել էր համերգի կազմակերպիչ Մկրտիչ Մանուկյանը, վաճառվել են, սակայն Շուշան Պետրոսյանի վաղվա համերգը չի կայանա:
Մեզ հետ զրույցում երգչուհին ասաց, որ ուզում է իրավիճակը խաղաղ լինի: Նա նշեց, որ նախ՝ հերքվեց առաջին պատճառը, թե ինքը հաղորդման ընթացքում ասել է «գյումրեցիներ», բայց հիմա էլ շահարկում են այն միտքը, որ իր համար անսպասելի էր, թե ինչպես Գյումրիում անցավ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Ես դա ասել եմ, քանի որ վերջին հինգ տարվա մեջ Գյումրիում շատերը տնակներից տեղափոխվեցին բնակարաններ: Ես ներկա եմ եղել այդ շենքերի բացմանը, ես իրավունք չո՞ւնեմ զամանալու, ես մարդ եմ, ես զարմանում եմ, և հիմա մեղադրում են, թե ինչու եմ զարմանում։ Ինչպես կարելի է մարդու գլխին այսպես սարքել»,- ասաց Շուշան Պետրոսյանը:
Ըստ երգչուհու՝ չկա երաշխիք, որ համերգին ինչ-որ մեկն անպարկեշտ բան թույլ չի տա և ըստ այդմ պատասխան չի ստանա. «Եթե, Աստված մի արասցե, արդարացիորեն անպարկեշտ բառի համար պատժվի որևէ մեկը, դա նորից ինձ վրա է բարդվելու: Որպեսզի այս ամենից խաղաղ դուրս գանք, ավելի լավ է՝ հանդիսատեսի վաղուց սպասված համերգը կհետաձգվի, մարդիկ մի քիչ կխաղաղվեն և հետո նոր կանենք համերգը»։
Համերգը գուցե առաջիկա ամիսներին կայանա:
«Հիմա իրենք կարծում են իրենք են պատճառը, որ իրենք վախ են տարածում. ո՛չ, պարզապես ինձ համար թանկ է յուրաքանչյուր հայի խաղաղությունը, ես ուզում եմ խաղաղ լինի ամեն ինչ: Եվ ի վերջո, մարդիկ, որոնք հրահրում են այս ամենը, որ եթե բարու հեղափոխություն են ուզում անել, պետք է հասկանան, որ միայն բարու նպատակով է հետաձգվում համերգը, որպեսզի որևէ լարված իրավիճակ չլինի, որովհետև ինձ համար անթույլատրելի է, որ հայը հայի դեմ լարված է լինում», -ասաց Շուշան Պետրոսյանը:
Նա վիրավորվել է մամուլի այն հրապարակումից, որտեղ ասվում էր, որ համերգին միայն ՀՀԿ-ն է լինելու. «Իսկապես վիրավորական է, որ տեղը չեն բերում, որ ես երգչուհի Շուշան Պետրոսյանն եմ, և ես լավ երգչուհի եմ: Ես ուզում եմ ներողություն խնդրել իմ արվեստը սիրող բոլոր գյումրեցիներից, որ համերգը հետաձգվում է: Անպայման կայանալու է, պարզապես ես ուզում եմ, որ կրքերը մի քիչ հանդարտվեն»,- հավելեց երգչուհին:
Լուսանկարը՝ Bravo.am-ի








































