Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի իշխանությունները վերջին շրջանում երկրի 22 նահանգում անցկացրած հատուկ գործողությունների ժամանակ ձերբակալել են գրեթե 600 մարդու, որոնց կասկածում են ահաբեկչական գործունեության կամ ծայրահեղական կազմակերպությունների հետ կապեր ունենալու համար:
Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն. «Մենք վճռական ենք տրամադրված ձեռնարկելու անհրաժեշտ բոլոր միջոցները` հակազդելու համար ԴԱԻՇ-ին ու «Քրդստանի աշխատավորական» կուսակցությանը (PKK): Անցած գիշեր ոստիկանությունն ու ժանդարմերիան ձերբակալել է 288 մարդու, որոնց կասկածում են ահաբեկչության մեջ: Ձերբակալվածների ընդհանուր թիվը հասել է 590-ի»:
Դավութօղլուն ուշադրություն է հրավիրել, որ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո Թուրքիայում իրականացվել է 212 զինված հարձակում, առևանգվել է 15 մարդ, իրականացվել է 281 ահաբեկչություն, սպանվել է անվտանգության ուժերի 5 աշխատակից:
Խոսելով Սիրիայում և Իրաքում ԴԱԻՇ-ի ու PKK-ի դեմ գիշերային գործողությունների մասին` Դավութօղլուն հայտարարել է, որ դա համապատասխան գործընթացի միայն սկիզբն է, և որ դրանք մեկանգամյա հարվածներ չեն:









































