Թող ոչ մեկն իմ անվան հետ տաս դիակներ չկապի: Այս մասին քիչ առաջ «Ազատության» հրապարակում ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, նախագահական ընտրություններում ըստ պաշտոնական տվյալների երկրորդ տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ պայքարը սիրո պայքար է և այդ սերը զգում է ամեն վայրկյան Ազատության հրապարակում: Նրա գնահատմամբ՝ օրհնված է յուրաքանչյուրի բարեմաղթանքից, օրհնանքից, խնդրանքից, քննադատությունից և շնորհակալ իր նկատմամբ հավատքի համար: Նա նշեց, որ « Բարև»-ի հեղափոխությունը տանելու է սիրով, հույսով և բարությամբ հարգանքով և անհուն հավատարմությամբ մեր պետության, ժողովրդի և ապագայի նկատմամբ:
«Բաց աչքերի ժամն Աստված է որոշում, իսկ մենք հիմա հաղթական ընթացքի մեջ ենք և ամեն մեկս պայքարի իր համեստ բաժինը պետք է տանի: Նաև բարի խոսքերի հետ մեկտեղ Աստվածաշունչ, դիմանկարներ, տարբեր օրհնաբեր պատգամներ ենք ստանում, այսօր երկուսը ստացա, մեկը հարցը մեկը պատասխանը»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ մանրամասնելով, թե ինչ նվերներ է ստացել Ազատության հրապարակում քաղաքացիներից:
Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ պահանջել է, որ նրանք, ովքեր ժամանակից շուտ շամպայն են խմել և շնորհավորել նշանակված, հարգելի թեկնածուին, պետք է վերանայեն այդ որոշումը, դա ասել է ԱՄՆ նախագահ Օբամային, Ֆրանսիային, Բրյուսելին, նաև ՌԴ-ին: « Ես կողջունեի որոշումը մյուս նախագահների զուգահեռ, որ ՌԴ նախագահն ու իր երկիրը կանգնում է հայ ժողովրդի ազատության, անկախության, սահմանադրական ընտրության կողքին և ոչ ընտրությունը կրող թեկնածուի կողքին: Ես չունեմ հակառուսականություն, հակասիականություն, ես ՀՀ ազգային շահը և պետության ինքնաիշխանությունն եմ գնահատում, որպես բացարձակ արժեքներ: Յուրաքանչյուր երկրի ինքնիշխան իրավունքն է, ես կոչ եմ արել, որ նրանք չառաջնորդվեն քաղաքական հաշվարկներով, Արցախի, Ցեղասպանության հարցում զիջումների եղանակով, նրանք հասկանան, որ ազգային շահի հիմնաղբյուրը սեփական երկրի քաղաքացին է և այդ դասը կիրառելի է բոլոր երկրների համար»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Անդրադառնալով քննադատություններին, թե 2008թ. Սերժ Սարսգյանի երդմնակալության արարողությանն է մասնակցել և շնորհավորել նրան, ասաց, որ 2008թ. մարտի մեկին Պետերբուրգում է եղել, իմանալով ողբերգության մասին կարճ կապեցի իր առաքելությունը պետերբուրգում և մարտի երկուսին առավոտյան հասավ Երևան, գնաց հիվանդանոցներ, իմացավ ողջ եղելությունը, որ այնտեղ ոստիկանի քաղաքացու միջև ոչ թե եկեղեցին է եղել, ոչ թե պատասխանատուներ, այլ «Ժառանգության» պատգամավորներ:
«Թող ոչ մեկն իմ անվան հետ տաս դիակներ չկապի նույնիսկ հռետորաբանությամբ, լրիվ այլ տեղերում է այդ պատասխանատվբությունը և մինչև հիմա հայ ժողովուրդն այդ տեղերի մասին ողջ ճշմարտությունը չգիտի, իսկ ինչ վերաբերում է երդմնակալությանը, որոշել էի իմ ընդդիմությունը ներկայացնել իմ ներկայությամբ ոչ բացակայությամբ, սևազգեստ գնացի, լսեցի և դուրս եկա շենքից: Ով ասաց, որ շնորհավորեցի, սուտ է ասում և ներողություն եմ պահանջում իրենից»,- հստակեցրեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ նա կիրակի օրն իր հրավիրած հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ հացադուլ, վախադուլ, կեղծիքադուլ է սկսում: Այսօր նրա հացադուլի երկրորդ օրն է:











































