Haqqin.az պորտալին տված հարցազրույցում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնախնդրին:
«Հայաստանի ու Ադրբեջանի համար պատերազմը կլիներ շատ արյունահեղ ու թանկարժեք, և ես չեմ կարծում, որ այդ երկրների նախագահները վերստին կցանկանային վերադառնալ այն ժամանակներին։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ բանակցությունների ժամանակ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները մշտապես խոսում են խաղաղության մասին։ Նրանցից յուրաքանչյուրը ցանկանում է խաղաղություն և ոչ թե պատերազմ։ Մենք՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, կողմ ենք Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների շփումներին»,- ասել է Ջեյմս Ուորլիքը։
Ուորլիքը հավելել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը մշտապես քննարկում է հակամարտության գոտում խաղաղապահ ուժեր տեղակայելու հարցը, սակայն քանի դեռ ձեռք չեն բերվել պայմանավորվածություններ, վաղ է դրա մասին խոսելը. «Ղարաբաղյան հակամարտության հարցում մենք հանդես ենք գալիս ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի, ուժի չկիրառման ու տարածքային ամբողջականության օգտին։ Հենց այդ երեք սկզբունքների վրա էլ մենք կառուցում ենք մեր աշխատանքը»։








































