ԱՄՆ-ի բյուջեի սեկվեստրը Պենտագոնին կստիպի սկսել կրճատել քաղաքացիական ծառայողների աշխատանքային օրերը՝ ուղարկելով նրանց չվճարվող արձակուրդների, եթե Կոնգրեսը բյուջեի կայունացման միջոցներ չձեռնարկի: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է գերատեսչության գլխավոր տեսուչ Ռոբերտ Հեյլը:
Ավելի վաղ պաշտպանության գերատեսչության ղեկավարությունը հայտարարել է, որ սեկվեստրի պատճառով աշխատանքից կարող են զրկվել կամ չվարձատրվող արձակուրդի ուղարկվել մինչև 800 հազար քաղաքացիական ծառայողներ:
Հեյլը նշել է, որ նախարարության ղեկավարությունը հրամանատարներից խնդրել է պատրաստել նրանց ցուցակները, որոնց այդ միջոցառումները չեն վերաբերում: Ցուցակները կկազմվեն մինչև մարտի 15-ը:
Նրա խոսքերով՝ եթե Կոնգրեսը համապատասխան գործողություններ չձեռնարկի, ապա յուրաքանչյուր ծառայող կուղարկվի 22-օրյա արձակուրդի: Այդ օրերը կբաշխվեն հավասարաչափ մինչ ընթացիկ ֆինանսական տարվա ավարտը՝ սեպտեմբերի 30-ը:
Հեյլը նշել է, որ յուրաքանչյուր քաղաքացիական ծառայողի աշխատանքային շաբաթը կկրճատվի մեկ օրով, ինչը կհանգեցնի ամենամսյա աշխատավարձի 20% կորստի:









































