Թուրքական Yeni Çağ թերթի փոխանցմամբ՝ պաշտոնաթող բրիգադի գեներալ Նեժաթ Էսլենը հայտարարել է, որ Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցությունը (PKK) ճնշումներ է բանեցնում Իգդիրի նահանգում բնակվող ադրբեջանցիների նկատմամբ, որպեսզի նրանց հարկադրի հեռանալ տարածաշրջանից։
Էսլենը հայտարարել է, որ Թուրքիայի իշխանությունները տարված են Սիրիայի քրդերի «Դեմոկրատական միություն» կուսակցության (PYD) գործողություններով (որին Թուրքիայում համարում են PKK-ի սիրիական թև), սակայն իրական վտանգը բխում է հենց PKK-ից, ով ունի Քուրդիստանի ստեղծման նախագիծ։
Էսլենը հիշեցրել է, որ հունիսի 7-ին Թուրքիայում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներով հաղթել է քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը (ԺԴԿ), Իգդիրը քաղաքական առումով անցել է նրան, և այժմ ծրագրված է չեզոքացնել Իգդիրում «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) ազդեցությունը (2011 թվականի խորհրդարանական ընտրություններում ԱՇԿ-ը հաղթել էր միայն Իգդիրում-1in.am) և քրդացնել Իգդիրը։ Էսլենը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ հարևան Աղրը (Արարատ) նահանգում նույնպես հաղթել է ԺԴԿ-ը, և դրանով իսկ մեծացել է նրա ազդեցությունը։
Էսլենը հավելել է, որ Իգդիրում հասարակությունը պառակտված է երկու մասի՝ քրդերի ու ադրբեջանցիների, և այժմ աշխատանքներ են տարվում ադրբեջանցիներին Իգդիրից հեռացնելու ուղղությամբ։ Էսլենը զգուշացրել է, որ PKK-ի նոր ծրագիրը կայանում է Արտվինի միջոցով ելքը դեպի Սև ծով, և կարևորել է դա կանխելը։
Խոսելով Սիրիայի դեպքերի մասին՝ Էսլենը հայտարարել է, որ այդ երկրի հյուսիսում էլ են ձգտում ստեղծել քրդական միջանցք, որը կսփռվի թուրք-սիրիական ներկայիս սահմանի երկայնքով. «Այդ ծրագրի հետևում կանգնած են ԱՄՆ-ն ու Իսրայելը։ Այդ տարածաշրջանը միմյանց կմիավորի Սիրիայի ու Թուրքիայի քրդերին, որոնք կվերահսկեն այդ միջանցքը։ Թուրքիայի հանդեպ վտանգն օրեցօր մեծանում է, իսկ զինվորները, չգիտես ինչու, դեռ զորանոցներում նստած սպասում են»։








































