Որ մարտի 10-ին լուրջ զարգացումներ էին լինելու, Րաֆֆի Հովհաննիսյանն ասել էր, իսկ որ կոնկրետ հացադուլ է լինելու, դա որոշակի անակնկալ էր «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի համար: «Հետընտրական առաջին հանրահավաքի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ այլևս որևէ մեկի արյունը չի հոսի և, եթե պետք է զոհողություն, ինքն է լինելու: Այս ինքնազոհության ակտն իր վճռականության մասին է խոսում»,- «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման եթերում ասել է Արմեն Մարտիրոսյանը:
Հարցին, թե ինչու է հանրահավաքից հանրահավաք մարդկանց թիվը պակասում, Արմեն Մարտիրոսյանը, որպես պատճառ, նշել է իրենց թիմի՝ մարզեր այցելությունը, որպեսզի այլևս քաղաքացիները գումար չծախսեն և հասնեն Երևան, այն էլ՝ սոցիալ-տնտեսական այս ծանր պայմաններում: Բացի այդ, կան մարդիկ, որոնց չի բավարարում կատարվող քայլերը, և պասիվ են մնում: «Հասարակության մեջ խորքային ակտիվ պրոցեսներ են ընթանում»,- ասել է Արմեն Մարտիրոսյանը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանի դիտարկմանը, թե Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլն ապօրինի է, Արմեն Մարտիրոսյանը պատասխանել է. «Որտե՞ղ է հակաօրինականություն, ինչ է նշանակում ապօրինի հացադուլ: Պարոն Սահակյանի Հայաստանում արդարադատությունը հրաշալի Է, բայց այնտեղ, որտեղ մենք ենք ապրում, դեռևս արդարադատությունը շատ հեռու է նորմալ լինելուց: Իմ մանկության ընկերոջը գյուղապետի միջոցով զանգում են, թե՝ Հրայրը ինչ գործ ունի միտինգին: Քաղաքացիներին ահաբեկում են, որ չմասնակցեն հանրահավաքներին, էլ չեմ ասում, որ կան սադրանքներ: Սևանում անգամ քաղաքապետն էր սադրում: Իշխանությունը ցայտնոտի մեջ է»:
Արմեն Մարտիրոսյանն ասել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ուզում էր երկխոսության միջոցով սահուն իշխանափոխություն անել, պաշտոններ չէր ուզում:
Անդրադառնալով հանդիպման՝ Սերժ Սարգսյանի առաջարկին և նախագահականից տարածված տեղեկատվությանը, թե Րաֆֆի Հովհաննիսյանը մերժել է հանդիպումը, Արմեն Մարտիրոսյանն ասել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը մինչև մարտի 10-ը սպասել է այդ առաջարկին, սակայն չի հնչել, և միայն այն ժամանակ, երբ հայտարարվեց հացադուլի մասին, նոր միայն հնչել է Սերժ Սարգսյանի հանդիպման առաջարկը: Այս դեպքում անգամ Րաֆֆի Հովհաննիսյանը չի մերժել առաջարկը, այլ առաջարկել է հանդիպել Ազատության հրապարակում: «Կուլտուրան ասում է, որ հացադուլավոր մարդու մոտ են գալիս, ոչ թե ինքն է գնում»,- ասել է Արմեն Մարտիրոսյանը:
Արմեն Մարտիրոսյանը որևէ սպասելիք չունի ՍԴ-ում իրենց ներկայացրած դիմումի՝ հօգուտ դիմումատուի լուծումից:
Ի դեպ, Արմեն Մարտիրոսյանը դիմում էր ներկայացրել՝ Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանի համար վրան տեղադրելու համար, մերժվել է: «Յուրահատուկ կառավարություն ունենք, որ որոշել է, որ օպերայի ավտոկանգառի վերևի ասֆալտը պատմամշակութային ժառանգություն է, դրա վրա մեծ քանդակագործներ են աշխատել, մեծ ատկատներ են կարողացել ապահովել: Մենք, այնուամենայնիվ, Սահմանադրությամբ նորմալ կենսապայմաններ ունենալու հնարավորությունը կփորձենք իրացնել, եթե Րաֆֆի Հովհաննիսյանը ցանկանա: Մեզ համար Սահմանադրությունն է կարևոր, ոչ թե կառավարության հիմար որոշումը, որով ասֆալտը դարձել է պատմամշակութային ժառանգություն»:









































