Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանցի հայտնի իրավապաշտպան Լեյլա Յունուսը նամակ է գրել բանտից։ Դրանում նա նշել է, որ վերջապես մեկ տարի անց հանդիպել է ամուսնուն՝ Արիֆ Յունուսին, և լսել է նրա ձայնը։ Լեյլա Յունուսը նշել է, որ ամուսինն իր 60-ամյակը բոլորել է բանտախցում, և որ ինքը նույնպես ստիպված է 60-ամյակը դիմավորել կալանքի մեջ:
«Մեր ամուսնության 37-ամյակին մեզ բաժանել են, և ևս այլևս չեմ հավատում, որ մենք կարող ենք վերստին միասին լինել այս աշխարհում՝ ողջ ընտանիքի հետ միասին։ Մենք երկուսս էլ պատմաբաններ ենք և լավ ենք հասկանում, որ բռնապետությունը կանգնած է բռնությունների վրա»,- ասել է նա։
Լեյլա Յունուսի խոսքով՝ Ադրբեջանում կա ավելի քան 100 մաքուր ու անմեղ քաղբանտարկյալ։ Լեյլա Յունուսը հայտարարել է, որ ԽՍՀՄ-ում տեռոր է տիրել, և չի ենթադրել, որ անկախ Ադրբեջանն էլ կընթանա այդ ուղով. «Որպես գրեթե 30-ամյա փորձով իրավապաշտպան՝ ես լավ եմ իմացել Ադրբեջանում իրականացվող կտտանքների մասին։ Եվ ամեն դեպքում ծանր էր, երբ բանտարկման առաջին ամիսներին հարձակվեցին ինձ վրա, երբ 2014 թվականի սեպտեմբերի 23-ին մայոր Յաղուբովը՝ երիտասարդ և ուժեղ տղամարդ, սկսեց ծեծել ինձ։ Արիֆից լսել եմ, որ կալանավորման առաջին ամիսներին նրա վրա նույնպես հարձակվել են։ Պլանավորված է ֆիզիկապես ոչնչացնել մեզ։ Ինչո՞ւ։ Որպեսզի մեր տառապանքները, մեր մահերը դաս դառնան բոլորի համար։ Եթե կանգ չեն առել լավ հայտնի ընտանիքի դեպքում, ապա մնացյալ բոլորին ոչնչացնելը բարդ չէ։ Վախը պետք է լինի քաղաքացիների սրտերում։ Վախն ու անհուսալիությունը։ Ես որևէ պատրանք չեմ տածում դատական այս գործընթացի հանդեպ»։







































