Ռոբին Հուդն ազատության մարտիկ էր, ով Քենթ կոմսությունում պայքարում էր ֆրանսիացի նվաճողների դեմ, և ոչ թե հարուստներին կողոպտող և աղքատներին կերակրող։ Այս մասին են պնդում պատմաբանները:
«Առասպելական հերոսը, հնարավոր է, եղել է Ուիլյամ Քենշեմը, ով պարտիզանական կռիվներ էր մղում Ֆրանսիայի արքայազն Լուիի դեմ»,- գրում է պատմաբան Շոն Մակ-Գլինը: Նա նաև ենթադրում է, որ Ուիլյամը նետաձիգների զորախմբի հրամանատարն է եղել:
History Today ամսագրում հրապարակված իր հոդվածում Մակ Գլինը նշել է, որ, անկասկած, Ուիլյամը հաճախ է եղել Նոթինհեմի շրջանում, քանի որ այն ժամանակ այնտեղ է եղել անգլիական զորքերի գլխավոր կենտրոնը: «Սակայն շատ հավանական է նաև, որ Ռոբին Հուդը հավաքական կերպար է, ում մեջ միավորված են տարբեր անհատներ: Մարդիկ նրան Ռոբին Հուդ են անվանել և բնակեցրել անտառում»,- գրում է պատմաբանը:
Սա առաջին դեպքը չէ, երբ պատմաբանները փորձում են պարզել Ռոբին Հուդի «ով լինելը»:
2006-ին Սթիվեն Լոուհեդը հայտարարել էր, որ միջնադարյան հանցագործն իրականում ազատության զինվոր էր և երբևէ չի եղել Նոթինհեմում: Ազգային հերոսը և նրա խումբը հարուստներին Ուելսում կողոպտում էին 11-րդ դարում՝ Ռոբին Հուդից ավելի քան 100 տարի առաջ:











































