«Ամերիկյաի Ձայն»-ի փոխանցմամբ՝ Կիլիկիայում գտնվող Ինջիրլիքի ռազմակայանը Թուրքիայի կառավարությունը տասնամյակներ շարունակ տրամադրել է ԱՄՆ-ի Զինված Ուժերին, սակայն վերջերս Թուրքիան խոչընդոտում է այդ օդակայանի օգտագործումը «Իսլամական պետություն» խմբավորման դեմ ԱՄՆ-ի օդային գործողությունները իրականացնելիս:
13,30. «Ադ հողերը ամբողջը հայերուն կպատկանի, ան տեղ Ադանայում ապրողների ամառանոցներն էին, կար եկեղեցի մը ու դպրոց մը, որը Թուրքիո կառավարությունը ապօրինի զավթած է»:
Ամերիկյան մի քանի իրավաբանական ընկերություններ, ինչպես օրինակ «Քաբաթեք Բրաուն Քելլներ սահմանակ պատասխանատվությամբ գործընկերությունը», մի քանի միլիարդ դոլարի համարժեք դատական գործ են հարուցել թուրքական կառավարության դեմ, 1915-ից մինչև 1923 թթ–ը հայերից բռնագրավված ունեցվածքի փոխհատուցման նպատակով:
Այս անգամ ուշադրություն գրավեց դեռ 2010 թվականին հարուցված Ինջիրլիքի օդակայանի գործը՝ կապված ԱՄՆ-ի ու Թուրքիայի կառավարությունների միջև այդ ռազմակայանի օգտագործման շուրջ ընթացող բանակցությունների հետ: Հայտնի հայազգի իրավաբան Վարդգես Եղիայանի համաձայն, Ինջիրլիքի օդակայանի հարցը արժանի է առանձնակի ուշադրության՝ քանի որ դրա համար վճարում է ԱՄՆ-ի կառավարությունը. «Եթե մի բանը գողացված է, ապա դրանից ստացված դրամը իրավունք չիկա յուրացնելու գողին կոմղեն»:
Ըստ ԱՄՆ-ի դատարան ներկայացված հայցի՝ թուրքական կառավարությունը ապօրինի յուրացրել է նախկինում հայերին պատկանող սեփականությունը: Այս հայցը ներառում է նաև այդ երկրի Կենտրոնական բանկի ու Զիրաաթ բանքասը բանկի դեմ հայցերը, որպես թուրքական կառավարության հիմնական ֆինանսական գործիք: Ըստ Վարդգես Եղիայանի՝ «Զիրաաթ բանքասը» բանկը այն հիմնարկն է, ուր պահվում են հողային սեփականության վերաբերյալ բոլոր տվյալները, և տարօրինակորեն այս ու Թուրքիայի կենտրոնական բանկերը մասնաճյուղեր ունեն ԱՄՆ-ում, ինչը արտառոց մի երևույթ է կենտրոնական բանկերի պարագայում, ինչն էլ հնարավորություն է տալիս դատական հայցով դիմել ԱՄՆ-ի դատարան: Ըստ ամերիկյան օրենքի՝ հնարավոր չէ գործ հարուցել օտար երկրում առկա սեփականության շուրջ, եթե այն առևտրական հարաբերություններին չի վերաբերում կամ մարդու իրավունքների կոպիտ խախտման հետևանք չէ:
Սակայն Վարդգես Եղիայանը կարծում է, որ Ինջիրլիքի պարագայում այս երկու բացառությունները գործում են. «Այս դատական գործի հայցվորները երեք ընտանիք են և 30-ից ավելի փաստաթուղթ կա, ըստ որոնց Ինջիրլիքի հողը պատկանել է իրենց»:
Դատական հայցը հաղթել է առաջին ատյանի դատարանում, սակայն քաղաքական լինելու պատճառաբանությամբ դրա կիրառկումը կասեցվել է, մինչ Ավստրիայի դեմ նմանատիպ հայցի կարգավորումը Գերագույն դատարանի կողմից, որը որպես նախատիպ է հանդես գալու նաև հայերի հայցը բավարարելու հարցում: Սակայն «Ամերիկայի Ձայնի» հարցին, թե անհաջող ընթացքի դեպքում արդյոք իրենք մտադիր են գործը շարունակել Եվրոպական դատարանում, Վարդգես Եղիայանը դրական է պատասխանել, հավելելով, որ ամերիկյան ատյաններում գործը առաջ ընթանալու դեռ բազմաթիվ այլ տարբերակներ ունի և իրենք համոզված են, որ հաղթելու են:





































