Ուկրաինացի լրագրող Անխար Կոչնևան, որին սիրիացի ընդդիմադիրները պատանդ էին վերցրել, փախել է և ներկայումս գտնվում է անվտանգության մեջ: Այս մասին հաղորդում է Russia Today-ը՝ վկայակոչելով Կոչնևայի ամուսնուն:
Պարբերականի փոխանցմամբ՝ լեռներում երկար թափառելուց հետո նա հանդիպել է մարդկանց, որոնք օգնել են նրան հասնել Դամասկոս:
«Անխարը կարողացել է ինքնուրույն դուրս գալ տանից, որտեղ նրան պահում էին գորհայինները: Կինը հետապնդումներից թաքնվել է լեռներում և անցել ավելի քան 15 կմ», -ասել է նրա ամուսինը և հավելել, որ Կոչնևային հաջողվել է գտնել «ճիշտ մարդկանց», ովքեր օգնել են կնոջը հասնել մի վայր, որը վերահսկում են Սիրիայի կառավարական զորքերը:
Հիշեցնենք, որ Անխար Կոչնևան, ով համագործակցում էր ռուսական և ուկրաինական մի շարք պարբերականների և հեռուստաընկերությունների հետ, 2012 թ. հոկտեմբերի 9-ին պատանդ էր վերցվել Սիրիայում: Նա Բաշար Ալ-Ասադի վարչակարգի կողմնակից է և սոցիալական ցանցերում կտրուկ էր արտահայտվել ապստամբների մասին:








































