2015 թվականի հուլիսի 5-ին լրացավ Հայաստանի Սահմանադրության ընդունման 20-ամյակը: Դրանից 10 օր անց հանրությանը ներկայացվեցին սահմանադրական բարեփոխումների նախագծի մի քանի դրույթներ, որոնք արժանացան հասարակության բուռն մերժողական գնահատականին:
Ընդհանրապես, սկսած 1995 թվականից, Հայաստանի հասարակությունը մերժում է Սահմանադրության իշխանական նախագծերը: Մերժել է 1995-ին, բայց ավտոմատների ներքո, ընտրակեղծիքների ալիքով Սահմանադրությունը հաստատվել է: Մերժել է 2003 թվականին իրականացվող փոփոխությունները, և քանի որ իշխանության համար այդ ժամանակ դա այնքան էլ հատապ չէր, մերժումն «ընդունվեց»: Իսկ ահա նույն մերժումը 2005 թվականին արդեն «չանցավ», և սահմանադրական բարեփոխումները կրկին մերժվեցին, բայց անցան: Հասարակությունը մերժում է բարեփոխումները նաև այսօր և վստահաբար կմերժի մինչև վերջ:
Հրապարակված բովանդակությունը լիովին մերժելի է, սակայն պետք է արձանագրել, որ հասարակությունը այդ բովանդակությունը չէ, որ մերժում է: Հայաստանը մերժում է ընդհանրապես Հայաստանում առկա բովանդակությունը, այն բովանդակությունը, որ դրվել է անկախ պետականության կառավարման փիլիսոփայության մեջ:
Հասարակությունը սահմանադրագետ չէ, որպեսզի կողմնորոշվի սահմանադրական նախագծերի բովանդակությամբ: Նրա կողմնորոշիչները շատ պարզ են և կապված են կյանքի որակի հետ: Երբ կյանքը որակյալ է, դա ինքնին հանդիսանում է որոշակի սահմանադրական երաշխիք: Այսինքն՝ նմանօրինակ կյանք ապահովող իշխանության ներկայացրած սահմանադրական բարեփոխումները հանրության համար վստահելի կլինեն: Եթե չկա որակ, ապա աշխարհի ամենալավ սահմանադրության նախագիծը ներկայացնելն անգամ չի արժանանա հասարակական հավանության, որովհետև հասարակությունը գնահատում է ոչ թե իրեն ներկայացվող թուղթը, այլ ներկայացնողի գործը:
1995 թվականին հասարակությունը գնահատում էր ՀՀՇ-ի կառավարումը և մերժում էր այն, ոչ թե Սահմանադրությունն էր մերժում: 1995 թվականին հասարակությունը նույնիսկ չգիտեր Սահմանադրությունն ինչ է: Նա գիտեր, թե ինչ է ՀՀՇ-ի կառավարումը, նա տեսել էր, թե այդ կառավարման արդյունքում ինչ կադրային քաղաքականություն է վարվում, նա տեսել էր, թե ինչ սեփականաշնորհում է կատարվում, ովքեր են դառնում սեփականատերեր: Նա տեսել էր, թե համընդհանուր մթի և ցրտի պայմաններում, որոնք պատերազմական ժամանակի օբյեկտիվ զրկանք էին, ինչպես էին, այսպես ասած, «սուբյեկտիվ» կյանքով ապրում մի շարք արտոնյալներ, որոնց ձեռքը բռնող չկա: Հետո տեսել էին, թե ինչպես պատերազմի ավարտից հետո էլ այդ արտոնյալներին ոչ թե հեռացնում էին, այլ էլ ավելի էին մոտեցնում պետական կառավարմանը:
Հասարակությունը տեսել էր այդ ամենը ու չէր հասկացել դա, ոչ թե ներկայացվող Սահմանադրության բովանդակությունը: Հասկացել էր մի պարզ բան, որ նմանօրինակ կառավարման փիլիսոփայությամբ իշխանությունը չի կարող ներկայացնել այդ կառավարման հետևանքից տարբեր արդյունք նախանշող Սահմանադրություն:
2003 և 2005 թվականներին հասարակությունը մերժում էր Ռոբերտ Քոչարյանի հաստատած ամբողջատիրական քրեաօլիգարխիկ համակարգը, երբ ողջ երկրի տնտեսությունը կենտրոնացվել էր մի քանի ընտանիքի ձեռքին, երբ նրանք էին որոշում ամեն ինչ, կատարելագործում ընտրակեղծարարությունը, հովանավորում կոռուպցիան: Հասարակությունը դա էր մերժել՝ վստահ լինելով, որ այդ բովանդակությամբ կառավարում իրականացնողները չեն կարող այլ բովանդակության Սահմանադրություն ներկայացնել հասարակությանը:
2015 թվականին էլ հասարակությունը ոչ թե Սերժ Սարգսյանի ներկայացրած Սահմանադրությունն է կարդալու և մերժելու, այլ մերժելու է Սերժ Սարգսյանի նախագահությունը:
Եթե անգամ քաղաքական ուժերը հանդես գան ոչ թե սահմանադրական բարեփոխումների դեմ, այլ համոզեն միահամուռ կերպով, որ ներկայացվող փոփոխությունները իրապես դեմոկրատական և ռեֆորմատորական են, միևնույն է՝ քաղաքացիները մերժելու են սահմանադրական բարեփոխումները, որովհետև նրանք տեսել են Սերժ Սարգսյանի նախագահությունն ու զգում են դրա հետևանքները ամեն օր: Նրանք «ողնաշարով» են զգում, որ այդօրինակ նախագահության ցուցանիշների պարագայում հնարավոր չէ ներկայացնել դրանցից էապես տարբերվող Սահմանադրություն:
Սահմանադրությունը հետևանք է, արդյունք, ոչ թե պատճառ կամ միջոց: Երբ փորձում են հանրությանը թյուրիմացության մեջ գցել, սահմանադրագետ դեմքերի լուրջ արտահայտություններով, թե փոխելով Սահմանադրությունը՝ կփոխվի կյանքը, հասարակությունը չի կարողանում, իհարկե, սահմանադրագիտական հռետորաբանությամբ համարժեք պատասխանել, բայց ցանկացած սահմանադրագետից ավելի լավ զգում է, գիտե, որ Սահմանադրությունը կյանք չի փոխում, այն փոխված կյանքի արձանագրումն է, որ հետո այդ կյանքը չփոխվի հետ: Եթե որևէ չակերտավոր կամ անչակերտ էլիտա անկարող է հասարակության, քաղաքացիական տարբեր շրջանակների հետ որևէ կոնսենսուսի գալ կենսագործունեության ամբողջական համակարգի հանրային շահի առանցքով կազմակերպման հարցում, ապա որևէ Սահմանադրություն այդտեղ չի օգնի իրավիճակ փոխել:
Պետք է հանրության հետ, հանրային շահի առանցքով գալ համակեցության կանոնների շուրջ կոնսենսուսի, գործնականում ցույց տալ դրա արդյունավետությունը, հետո այն ամրագրել արդեն այդ կանոնի գլխավոր, բայց ընդամենը մաս հանդիսացող Սահմանադրության մեջ, որպեսզի այլևս որևէ մեկը անկարող լինի փոխել խաղի կանոններն ըստ իր կլանային կամ անձնական պատկերացումների և շահերի:
Վստահություն վայելում են այդօրինակ մեխանիզմով ընդունվող սահմանադրությունները, որոնք պրակտիկ կյանքի, կյանքի պրակտիկ հաջողության արձանագրում են արդեն հետագա սերունդների համար: Հայաստանում Սահմանադրությունը պրակտիկ կյանքի անհաջողությունների, մեղմ ասած՝ անհաջողությունների, քողարկում է, որ ամեն մի անցնող իշխանություն և նախագահ փորձում է ձևել իր ունեցած անհաջողությունների չափով:







































