Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի ԱԽ-ն այսօր բանաձև է ընդունել, որը միջազգային վերահսկողության տակ կդնի Իրանի միջուկային ծրագիրը, հնարավորություն կտա համոզվել դրա խաղաղ բնույթին ու իսլամական հանրապետությանը թույլ չի տա ստեղծել միջուկային զենք։
Բանաձևի օգտին քվեարկել են ՄԱԿ-ի ԱԽ բոլոր 5 մշտական անդամները (ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ռուսաստան) և 10 ոչ մշտական անդամները։ Փաստաթուղթը ՄԱԿ-ի ԱԽ դիտարկմանն է ներկայացվել նախորդ շաբաթ և հենված է եղել հուլիսի 14-ին Վիեննայում «Վեցյակի» ու Իրանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների վրա։
Փաստաթուղթը մասնավորապես նախատեսում է Իրանի հանդեպ 10 տարի անց բոլոր պատժամիջոցների վերացում, եթե Իրանը ԱԷՄԳ-ի վերահսկողության ներքո կատարի «Վեցյակի» հետ բոլոր պայմանավորվածությունները։ Ընդգծվում է, որ եթե այդ ընթացքում լինեն Իրանի կողմից լուրջ խախտումներ, ապա երկիրը կարող է պատժամիջոցներից խուսափել միայն ՄԱԿ-ի ԱԽ համապատասխան բանաձևի ընդունման դեպքում։ Եթե ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամներից մեկը դեմ արտահայտվի դրան, ապա պատժամիջոցներն ինքնաբերաբար կվերականգնվեն 30 օրում։










































