Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հնէաբաններն Իտալիայի քարանձավներից մեկում հայտնաբերել են ատամնաբույժի հնարավոր առաջին «զոհին»։ Հինավուրց մարդու սեղանատամներից մեկը կարիեսից մաքրված է եղել քարե գործիքի օգնությամբ, որը թվագրվում է մոտ 14 հազար տարի առաջ։ Դրա մասին նշված է Scientific Reports հանդեսում տեղ գտած հոդվածում։
Հինավուրց մարդու ատամները հատուկ հետաքրքրություն են առաջացնում գիտնականների համար, ովքեր զբաղվում են նրանով, թե ինչպես է զարգացել մարդկությունը։ Դրանցում առկա ԴՆԹ-ները հնարավորություն են տալիս բացահայտել հինավուրց մարդու նոր տեսակներ, ատամնաքարի միջոցով իմանալ նրանց դիետան, ինչպես նաև հասկանալ, թե որտեղ են ապրել նրանք, որքան է նրանց ատամների էմալում իզոտոպների ու տարրերի չափաբաժինը։








































