Քրդական Fırat լրատվական գործակալության փոխանցմամբ, Հարավային Աֆրիկայի Պայքարի ակտիվիստների միությունը Խաղաղության մրցանակ է շնորհել Մարմարա ծովի Իմրալը կղզում ցմահ բանտարկություն կրող քուրդ առաջնորդ, «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) հիմնադիր Աբդուլլահ Օջալանին:
Դրա համար հիմք է հանդիսացել այն, որ Օջալանը «Քրդական հարցի» ժողովրդավարական լուծման համար մշակել է «ճանապարհային քարտեզ»:
Ակնկալվում է, որ Հարավային Աֆրիկայի նախկին նախագահ, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1993) Նելսոն Մանդելայի փաստաբան և Հարավային Աֆրիկայի գերագույն դատարանի դատավոր Էսա Մուսսան մրցանակն անձամբ կհանձնի Օջալանին: Այդ նպատակով նա մտադիր է դիմելու Թուրքիայի արդարադատության նախարարին` Իմրալը կղզի այցելելու թույլտվություն ստանալու համար:
Հիշեցնենք, որ Օջալանն իր «ճանապարհային քարտեզը» ներկայացրել է 2009 թվականի օգոստոսի 15-ին: Սկզբնական շրջանում այն բաղկացած էր 760 էջից: Այժմ 10 սկզբունքներից բաղկացած «ճանապարհային քարտեզը» կրճատվել է մինչև 156 էջի և ուղարկվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ):









































