Պաշտոնական Անկարան հերքել է այն տեղեկությունը, որ Թուրքիայի ազգային հետախուզությունը Գերմանիայում թուրք ընդդիմադիր գործիչների դեմ լրտեսական գործողություններ է իրականացնում:
Ավելի վաղ գերմանական Focus ամսագիրը հայտարարել էր, որ Թուրքիայի հետախուզական վարչությունը, նախագահ Թայիփ Էրդողանի հանձնարարությամբ, Գերմանիայում լրտեսում է թուրքական ձախ և քրդական կազմակերպություններին, ինչպես նաև ընդդիմադիր իսլամիստ Ֆեթհուլահա Գյուլենի կողմնակիցներին: Ինչպես տեղեկացրել է ամսագիրը, այդ գործիչներից մի քանիսը Թուրքիա վերադառնալուց հետո անմիջապես ձերբակալվել են:
«Այն պնդումը, որ Գերմանիայում լրտեսական գործողություններ են իրականացվում, կեղծ է և ցավեցնող: Փոխանակ ընթերցողին հասցվեր մեր հերքումը, ամսագիրը կրկնել է իր անհիմն մեղադրանքները»,- ասվում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ:








































