Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համոնդը երկրի խորհրդարանում ունեցած ելույթում հայտարարել է, որ Իրանում Մեծ Բրիտանիաի դեսպանատունն ամբողջովին կբացվի մինչև ընթացիկ տարեվերջ։
2011 թվականին Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը ենթարկվել էր ցուցարարների հարձակմանը, որոնք իրենց բողոքն էին հայտնում Իրանի դեմ սահմանված արևմտյան պատժամիջոցների կապակցությամբ։
Դրանից հետո դեսպանատունը փակվել էր, որից քիչ անց Իրանը փակել էր Լոնդոնում իր դեսպանատունը, և այդ ժամանակից ի վեր՝ Իրանում Մեծ Բրիտանիայի շահերը պաշտպանում է Շվեդիայի դեսպանատունը։ Իրանն ու Մեծ Բրիտանիան դիվանագիտական հարաբերությունները վերականգնել են 2013 թվականի աշնանը՝ ժամանակավոր հավատարմատարների մակարդակով։
Համոնդը հայտարարել է, որ իրանական միջուկային ռումբը սպառնալիք կլիներ աշխարհի համար, սակայն ներկայումս այդ սպառնալիքը վերացված է։ Համոնդը հավելել է, որ իրենք պետք է վստահ լինեն, որ Իրանն այլևս չունի միջուկային զենք ձեռք բերելու հնարավորություն։ Նախարարի խոսքերով՝ համաձայնագիրը շահավետ է թե՛ Արևմուտքի, թե՛ Իրանի համար, քանի որ Իրանի տնտեսությանը հնարավորություն է տալիս վերականգնվել երկար տարիների պատժամիջոցներից հետո։








































