Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կիրակի օրը Լատինական Ամերիկա իր այցելության ժամանակ հազարավոր երիտասարդ ուրուգվայցիների առջև ելույթ է ունեցել: Ելույթի ժամանակ քահանայապետը քննադատել է ժամանակակից կապիտալիզմը, ինչպես նաև ներողություն է խնդրել այդ տարածաշրջանի գաղութացման ժամանակ բնակչության հանդեպ կաթոլիկ եկեղեցու կատարած հանցագործությունների համար:
«Նրանք ինձ համար խոսք են գրել, որպեսզի ես այն արտասանեմ ձեր առջև, բայց խոսքերը տխուր են,- հայտարարել է նա՝ առաջացնելով ունկնդիրների ծափահարությունները,- անկարգություններ սարքեք, բայց միշտ օգնեք վերացնելու դրանց հետևանքները: Անկարգություն, որը մեզ տալիս է ազատ սիրտ, անկարգություն, որը մեզ հույս է պարգևում»:
Ֆրանցիսկոս պապի առաքելական այցը Լատինական Ամերիկա հաճախ անվանում են «վերադարձ տուն»: Ինքը՝ պապը, ծնունդով Արգենտինայից է, սակայն ուղևորության ժամանակ որոշել է այցելել տարածաշրջանի առավել աղքատ երկրները՝ Էկվադոր, Բոլիվիա, Պարագվայ: Իր ելույթներում նա աշխատել է առավելագույն ուշադրություն հրավիրել աղքատության, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանության խնդիրներին:
Պետք է նշել, որ հավատացյալներին ուղղված իր առաջին ուղերձը նվիրված է եղել հենց էկոլոգիական խնդիրներին: Սեպտեմբերին պապը ծրագրում է մեկնել ԱՄՆ, բարձրացնել այնտեղ նույն հարցը:









































