Մեծ Բրիտանիան առավել ակտիվորեն կկիրառի զինված ուժերի հատուկ նշանակության ջոկատը և անօդաչու թռչող սարքերը՝ ԴԱԻՇ («Իրաքի և Շամի իսլամական պետություն») ծայրահեղական կազմակերպության դեմ պայքարի համար: Այս մասին երկուշաբթի օրն իր ելույթում կհայտարարի երկրի վարչապետ Դևիդ Քեմերոնը՝ գրում է The Independent-ը:
«ԴԱԻՇ-ի դեմ պայքարը կուժեղացվի զինված ուժերի հատուկ նշանակության ջոկատի գործողությունների կտրուկ ավելացմամբ, անօդաչու սարքերի առաքելությամբ և Իրաքում ու Սիրիայում գրոհայինների դիրքերին ռազմաօդային հարվածներով»,- ասվում է հաղորդագրությունում:
Զինված ուժերի հատուկ նշանակության ջոկատի առաքելությունները կարող են իրականացվել Մեծ Բրիտանիայի պատմության մեջ ամենամեծ ռազմանավից՝ «Եղիսաբեթ թագուհի» ավիակրից, որի կառուցումը կավարտվի հաջորդ տարի:











































