Հայտնի է, որ Իկեր Կասիլյասը, ով 8 տարեկանից սկսած Մադրիդի «Ռեալ»-ի ակադեմիայում է, մարզական կարիերան շարունակելու է պորտուգալական «Պորտու»-ում: 34-ամյա դարպասապահը մադրիդյան ակումբի կազմում 18 տիտղոս է նվաճել: Տեղի է ունեցել նրա հրաժեշտի մամլո ասուլիսը:
«Այս մեծ մարզադաշտ եմ ժամանել, որպեսզի հրաժեշտ տամ ձեզ` հատկապես «Ռեալ»-ի երկրպագուներին: Երեկվանից այլևս «Ռեալ»-ի խաղացող չեմ: Այսուհետ լինելու եմ «Պորտու»-ի ֆուտբոլիստ:
Այս ակումբն ինձ կերտել է ոչ միայն որպես ֆուտբոլիստ, այլև որպես մարդ: Շատ բան եմ սովորել բոլոր մարզիչներից: Նրանք հիմնային դեր են ունեցել մարզական կարիերայիս զարգացման գործում:
Շնորհակալ եմ ծնողներիս ու ընտանիքիս: Շնորհակալ եմ մադրիդյան երկրպագուներին աջակցության համար, այն բանի համար, որ թե’ հեշտ, թե’ դժվարին պահերին եղել են իմ կողքին:
Չեմ ցանկանում, որ ինձ հիշեն որպես լավ կամ վատ դարպասապահի: Ցանկանում եմ, որ ինձ հիշեն որպես լավ անձնավորության, ով ունի իր թերությունները: Ուր էլ որ գնամ, միշտ ասելու եմ` «Hala Madrid»:
Վստահ եմ, որ կհանդիպենք ապագայում: Շնորհակալ եմ Ձեզ բոլորիդ»,- Կասիլյասի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:







































