Սովորաբար հղիության ընթացքում կանայք մազաթափության խնդիր չեն ունենում, ընդհակառակը՝ մազերն ավելի խիտ են աճում և լավ որակ են ձեռք բերում: Դա պայմանավորված է նրանով, որ այդ ժամանակ օրգանիզմը մեծ քանակությամբ էստրոգեն հորմոն է արտադրում, որը ճնշում է տղամարդու անդրոգեն հորմոնը և խթանում մազերի աճը: Բայց ծննդաբերությունից հետո էստրոգենների քանակը նկատելիորեն նվազում է, ավելանում են անդրոգենները, և արագ տեմպով մազաթափություն է սկսվում:
Մազաթափությանը նպաստում է նաև հղիության ընթացքում օրգանիզմում վիտամինների պակասը: Հետծննդյան մազաթափությունը հաճախ հանգեցնում է ընկճախտի: Մասնագետները պնդում են, որ այն կարելի է կանխել, եթե հղիության ընթացքում ուշադիր հետևեն սննդակարգին:
Սնունդը պետք է հարուստ լինի սպիտակուցներով, վիտամիններով և ածխաջրերով: Հատկապես պետք է ուշադրություն դարձնել բիոտինի առկայությանը սննդում: Բիոտին պարունակող մթերքներից են սոյան, լոլիկը, ձվի դեղնուցը, սունկը, լյարդը, դրոժը: Բիոտին կարելի է ստանալ նաև հաբերի տեսքով՝ նախապես խորհրդակցելով բժշկի հետ:








































