Սիրիայում պետք է գտնվի հակամարտության քաղաքական կարգավորում, քանի որ երկրի բոլոր բնակիչները ցանկանում են պատերազմի անհապաղ դադարեցում և խաղաղ կյանքի վերադարձ։ Նման կարծիք է հայտնել լիբանանյան շիայական «Հըզբոլլահ» կուսակցության գլխավոր քարտուղար, շեյխ Հասան Նասրալլան։ Նա հանդես է եկել Բեյրութում հանրահավաքի ժամանակ՝ նվիրված Երուսաղեմի օրվան (Յաում Ալ-Կուդս)։
«Սիրիայում ռազմական լուծման վրա խաղադրույքը անհեռանկարային է։ Ոչ ոք չի կարող հաղթել սիրիական բանակին»,- հայտարարել է Նասրալլան։ Նա ընդգծել է, որ «Հըզբոլլահի» մարտիկները կշարունակեն կռվել կառավարական զորքերի կողքին՝ մինչև ահաբեկիչների դեմ հաղթական ավարտը։
Նասրալլան հիշեցրել է, որ «Հըզբոլլահը» սիրիական ճգնաժամի հենց սկզբից խոսել է քաղաքական լուծում որոնելու անհրաժեշտության մասին և աջակցել բարեփոխումների անցկացման պահանջին։ Սակայն, ինչպես նշել է նա, տարածաշրջանում որոշակի ուժեր խոչընդոտում են դրան և ջանում կործանել սիրիական պետությունը։
«Մենք չենք կարող թույլ տալ Սիրիայի անկում և Դամասկոսում ծայրահեղականների իշխանություն։ Մենք Սիրիայում կռվում ենք դիմակայության ուժերի, լիբանանցիների և պաղեստինցիների շահերի համար»,- ընդգծել է նա։








































