Associated Press գործակալության հաղորդմամբ, Հայ առաքելական եկեղեցու՝ ԱՄՆ Արեւելյան թեմին պատկանող, Հեւենվիլ քաղաքի եկեղեցին տեղի հայերը ցանկանում են վաճառել: Գործակալության փոխանցմամբ, եկեղեցին վաճառելուն ընդդիմացողները ասում են, որ քաղաքի համար մեծ սխալ կլինի 163 տարվա պատմություն ունեցող եկեղեցին վաճառելը մի ընկերության, որը ցանկանում է քանդել այն եւ տեղում Burger King կառուցել:
Հեւենվիլի հուշարձանների պահպանության քաղաքային հանձնաժողովի անդամ Քրիստիան Միլերը գործակալությանն ասել է, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայ առաքելական եկեղեցու տեղում արագ սննդի ռեստորան կառուցելն անհեթեթություն է: Եկեղեցու սպասավոր հայ եկեղեցականները նշում են, որ եկեղեցու հին շենքը նորոգելու համար 1.5 միլիոն դոլար է պետք, ուստի ստիպված վաճառում են այն` նոր եկեղեցու շինարարությունն ավարտելու համար: