Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ տարածքային զարգացման նախարար Վիկտոր Բասարգինին, որը Հայաստանում է գտնվում «Դեպի նոր տնտեսական հեռանկարներ՝ հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններում» առաջին միջտարածաշրջանային համաժողովին մասնակցելու նպատակով: Այս մասին ասվում է կառավարության տարածած հաղորդագրությունում:
«Ուրախալի է, որ մեր նախագահների` տարածաշրջանային մակարդակով կապերն ամրապնդելու նախաձեռնությունն արդեն կյանքի է կոչվում, և մենք տեսնում ենք առաջին պտուղները: Վստահ եմ, որ միջտարածաշրջանային համաժողովը նոր լիցք կհաղորդի այդ կապերի ամրապնդմանը: Մենք շահագրգռված ենք դրանում, և կանենք հնարավոր ամեն ինչ, որ այդ կապերն ամրապնդվեն ու խորանան: Խնդիրները, որոնք ծառացած են մեր առջև, ընդհանուր են, ռազմավարական գործընկերային հարաբերություններն առանձնահատուկ բնույթ են տալիս այս բոլոր միջոցառումներին»,- ասել է վարչապետը:
Պատրաստվելով այս համաժողովին` հատուկ ուսումնասիրել եմ ՀՀ և ՌԴ տարածաշրջանների միջև համագործակցության ամբողջ բազան: Այսօր ՌԴ ավելի քան 70 տարածաշրջաններ ներգրավված են համագործակցության ծրագրում ուղղակիորեն և անուղղակիորեն: Դաշնության 30 սուբյեկտներ այսօր համաձայնագրեր ունեն Հայաստանի Հանրապետության կամ ՀՀ մարզերի հետ, մնացածները, կարծում եմ, ակտիվորեն կձգտեն, որ համաձայնագրեր ունենան և մշակեն համագործակցության միջնաժամկետ ու երկարաժամկետ ծրագրեր»,- նշել է Վ. Բասարգինը:
Տիգրան Սարգսյանը նշել է նաև, որ տարածքային զարգացումը Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության առաջնայնություններից է, և այն ունի քաղաքական, տնտեսական ու սոցիալական նշանակություն մեր պետության զարգացման համար: Կառավարության ղեկավարը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության տնտեսական քաղաքականության առաջնայնությունները: Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ռուսական հարաբերությունների մի շարք ոլորտներում ընթացող զարգացումներին: Կարևորվել է տարածքային զարգացման առումով երկու երկրներում առկա փորձի ուսումնասիրությունն ու փոխանակությունը:








































