Հաշվի առնելով, որ Քրիստոսի Պայծառակերպության (Վարդավառի) տոնի կապակցությամբ հուլիսի 12-ին սպասվում է երթևեկության ինտեսիվության ավելացում դեպի հանգստյան գոտիներ՝ Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ ուժեղացվելու է հսկողությունը Երևան-Սևան-Դիլիջան, Երևան-Աշտարակ, Երևան-Գեղարդ, ինչպես նաև Կոտայքի մարզի հանգստյան գոտիներ տանող ճանապահահատվածներում:
Նշված ճանապարհահատվածներում՝ հատկապես Երևան-Սևան և Սևան-Երևան ուղղություններում, սահմանված առավելագույն արագության գերազանցման փաստերը հայտնաբերելու նպատակով, առաջին անգամ կկիրառվեն շարժական լուսանկարահանող-արագաչափ սարքեր: Այս մասին հայտնում են Ճանապարհային ոստիկանության մամուլի ծառայությունից։
Ճանապարհային երթևեկության պատշաճ անվտանգություն ապահովելու, հանգստյան օրերը անցանկալի պատահարներով չմթագնելու նպատակով՝ ՃՈ-ն հորդորում է վարորդներին լինել առավել զգոն, պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, տրանսպորտային միջոցը չվարել ալկոհոլային խմիչք օգտագործած վիճակում ու չգերազանցել սահմանված արագությունը:









































