Sputnik-Georgia լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2016 թվականի փետրվարին կավարտվեն «Ապագայի քաղաք» (Morgenstadt City) նախագծի ուղղությամբ կատարվող աշխատանքները, որը Թբիլիսիի ուրբանիստական զարգացման ռազմավարական պլան է: Այդ մասին այսօր Թբիլիսիում հայտարարել են Եվրոպայի առաջատար հետազոտական ինստիտուտներից Fraunhofer-ի ներկայացուցիչները:
Նրանք հանդիպել են Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիայի ու փոխքաղաքապետ Դմիտրի Կումսիշվիլու հետ և ներկայացրել այլ երկրների փորձը: Ընդգծվում է, որ նախագծի իրագործման դեպքում Թբիլիսին կվերածվի տարածաշրջանի առաջին «Ապագայի քաղաքի»:
Նարմանիան հայտարարել է. «Մենք գերմանական գործընկերների հետ համատեղ սկսել ենք իրականացնել «Ապագայի քաղաքի» հայեցակարգը: 2016 թվականին մենք կունենանք հայեցակարգը, թե ինչպիսին պետք է լինի Թբիլիսին էներգաարդյունավետության, կայանատեղիների կառավարման, լուսավորության տեսանկյուններից, ինչպես նաև լուծվելու են տրանսպորտի ու տեղաշարժերի հետ կապված հարցերը»:









































