Արա Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը դիմել է վերաքննիչ դատարան, որտեղ վիճարկում է պաշտպանյալի կալանավորման որոշումը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց փաստաբանը:
Պատասխանելով հարցին, թե ի՞նչ սպասելիքներ ունի Վերաքննիչ դատարանից, Հայկ Ալումյանը ասաց. «Եթե դիմում եմ, նշանակում է, ինչ որ հույսեր կան: Դիմում եմ, թեկուզ հենց նրա համար, որպեսզի հետո կարողանանք եվրոպական դատարան դիմել: Մեզ պետք է սպառել Հայաստանի պետական բոլոր ատյանները: Եթե այդ ատյաններն ընդամենը սպառվելիք բաներ են, ուրեմն պիտի սպառենք»:
Նա ապօրինություն ու սանձարձակություն որակեց Արա Բուդաղյանի նկատմամբ ներկայացված մեղադրանքը՝ նշելով, որ ԱԱԾ-ի բերած փաստաթղթերից ոչ մեկում Արա Բուդաղյանի մեղքն ապացուցող որևէ տող չկա: Իսկ Արա Բուդաղյանը մեղադրվում է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ դրդելու մեջ:
«Այո, սա սանձարձակություն ու ապօրինություն է: Ես դա ասում եմ այն հիմքով, ինչը ես տեսա դատարանում՝ երեկվա դատավարության ընթացքն ու արդյունքները հիմք ընդունելով, ես դա ասել ու պնդում եմ»,- ասել է Ալումյանը:
Նա կարծիք է հայտնել, որ դատարանը պարզապես հաստատել է ԱԱԾ-ի բերած փաստարկները, առանց որևէ հիմքի:










































