Թուրքական Trtrussian.com կայքի փոխանցմամբ, ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել մի բանաձև, որը նախատեսում է Թուրքիան համարել ԱՄՆ-ի ամենակարևոր ռազմավարական գործընկերներից մեկը:
Այս նախաձեռնության հեղինակը Հյուսիսային Կարոլինա նահանգից ընտրված հանրապետական կոնգրեսական Վիրջինիա Ֆոքսն է: Նա իր նախագծում Ներկայացուցիչների պալատից պահանջում է Թուրքիան ճանաչել Վաշինգտոնի ամենակարևոր ռազմավարական գործընկերներից մեկը, ինչպես նաև ամեն տարվա հոկտեմբերի 29-ին ԱՄՆ-ում նշել Թուրքիայի Հանրապետության հիմնադրման օրը: Նախագծում նշված է, որ Թուրքիան գերազանցապես մուսուլմանական, աշխարհիկ և ժողովրդավար երկիր է:
Եթե Ներկայացուցիչների պալատը հավանության արժանացնի բանաձևը, ապա դրանում ներառվելու է հետևյալ նախադասությունը. «Սեփական ժողովրդավարությունն ամրապնդող Թուրքիան իր տարածաշրջանում հանդիսանում է կայունության աղբյուր»: Թուրքիան մեծ դեր ունի Իրաքում և Աֆղանստանում կայունություն հաստատելու գործում, ինչպես նաև ահաբեկչության դեմ գլոբալ պայքարում:
Ներկայումս ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նույնպես դիտարկում է այս բանաձևը: Ակնկալվում է, որ այս բանաձևը նախապես քննարկվելու է Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսը բաղկացած է երկու պալատներից. Ներկայացուցիչների պալատ (435 մարդ) և Սենատ (100 մարդ):