Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ` այն, որ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) հունիսի 7-ին Թուրքիայում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներով չստացավ միակուսակցական կառավարություն ձևավորելու հնարավորություն, հիմնական պատճառը երկրի ներկայիս նախագահ Ռեջեփ Էրդողանն է:
Այդ մասին են վկայել Metropoll հետազոտական կենտրոնի անցկացրած հարցման արդյունքները: Հարցման յուրաքանչյուր երկու մասնակցից մեկը հայտարարել է, որ հունիսի 7-ի ընտրություններում ԱԶԿ-ի կողմից քվեներ կորցնելու համար թիվ մեկ պատասխանատուն Էրդողանն է:
Եթե 2011 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Էրդողանի վարկանիշն ընտրողների շրջանում կազմում էր 71.1 տոկոս, ապա 2015 թվականի հունիսին դա նվազել է մինչև 37.5 տոկոսի: Լրատվամիջոցն ուշադրություն է դարձնում, որ 2011 թվականի ընտրությունների ժամանակ Էրդողանը երկրի վարչապետն էր, իսկ 2015 թվականի ընտրությունների ժամանակ` երկրի նախագահը:
2011 թվականի ամռանը Թուրքիայում անցկացված խորհրդարանական ընտրությունների ժամանակ Էրդողանի նման բարձր վարկանիշը կապված էր 2010 թվականի սեպտեմբերի 12-ին (1980 թվականին տեղի ունեցած Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ ամենաարյունալի ռազմական հեղաշրջման երեսնամյակի օրը.- 1in.am) Թուրքիայում անցկացված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի հետ:
Սակայն հետագայում` 2013 թվականին գրանցվեցին Գեզի այգու համար բողոքի ակցիաները, ապա նաև դեկտեմբերի 17-25-ի «Մեծ կաշառք» գործը: Արդեն 2014 թվականի հունվարին Էրդողանի վարկանիշը նվազել էր մինչև 39.4 տոկոս:
2015 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ նախընտրական կամպանիային Էրդողանի ակտիվ մասնակցությունը (ինչն արգելված է օրենքով) և կառավարման նախագահական համակարգին անցում կատարելու մղումը հանգեցրին նրան, որ Էրդողանի վարկանիշը նվազեց մինչև 37.5 տոկոս:
Հունիսի 7-ի ընտրություններում ԱԶԿ-ի ձախողման պատճառների թվում նշվել են նաև պետական չարաշահումները և քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությանը (ԺԴԿ) քվեներ տալը:
Հիշեցնենք, որ Էրդողանը ԱԶԿ-ի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 08.14.2001-27.08.2014 ժամանակահատվածում: 2014 թվականին երկրի նախագահի պաշտոնը ստանձնելու հետ կապված` Էրդողանը հարկադրված էր լքել ԱԶԿ-ի նախագահի պաշտոնը և այն հանձնել ներկայիս վարչապետ Ահմեթ Դավութօղլուին:
Թուրքական մամուլի հաղորդմամբ` Էրդողանը հունիսի 7-ի ընտրություններում ԱԶԿ-ի ձախողման համար քավության նոխազ է դարձրել հենց Դավութօղլուին` գտնելով, որ ԱԶԿ-ն հենց նրա պատճառով է տապալել ընտրությունները:
Ներկայումս չի բացառվում, որ Դավութօղլուն կարող է հեռացվել ԱԶԿ-ի նախագահի պաշտոնից, և որ նրան կարող է փոխարինել Թուրքիայի 11-րդ (2007-2014թթ.) նախագահ Աբդուլլահ Գյուլը` նաև կուսակցության պառակտումը (մասնատումը) կանխելու համար:







































