««Հայաստանը այս պահին չի կարող դիմել ամերիկյան «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիային նոր ծրագրի համար, քանի որ ընտրությունների և մի շարք այլ պատճառներով Հայաստանի ցուցանիշները չեն համապատասխանում հիմնադրամի պահանջներին: Բացի այդ, Հայաստանը մուտք է գործում ընտրական նոր շրջան` գալիք տարի խորհրդարանական ընտրություններ են, 2013թ-ին` նախագահական ընտրություններ, ապա հնարավորություն կա բարելավելու այս ցուցանիշները»,- երեկ հայտարարել էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը:
«Դիրքորոշումների հստակեցում է տեղի ունենում»,- ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի հայտարարությունը մեկնաբանեց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը:
«Շատ ուրախ եմ, որ տիկին դեսպանը վերջին մեկ-երկու ամսվա ընթացքում շատ հստակ դիրքորոշում է արտահայտել ՀՀ-ում ժողովրդավարության հետ կապված: Ասեմ, որ նրանց դիրքորոշումը մոտենում է անաչառ լինելուն, գրեթե ադեկվատ արձագանքներ են Հայաստանում ընթացող երևույթներին: Կարծում եմ` դա կնպաստի ՀՀ-ում ժողովրդավարացման գործընթացին:
Ուղղակի ափսոսում եմ, որ այն, ինչ մենք ասում էինք երեք տարի շարունակ քաղբանտարկյալների, կոռուպցիայի, ժողովրդավարության բացակայության, փողերի լվացման մասին, երեք տարի պահանջվեց ելույթ դառնալու համար: Ինչևէ, ափսոսանք հայտնելով, որ ուշ է անաչառություն դրսևորվում, ողջունում եմ, որ մոտենում են ճշմարտությանը: Կարծում եմ` դա կնպաստի ՀՀ-ում գործընթացների արագ ու ճիշտ կազմակերպմանը»,- նշեց պարոն Մանուկյանը:







































