Ադրբեջանական Trend լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ԱՄՆ պետքարտուղարի՝ Հարավային Կովկասի հարցերով նախկին օգնական, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան, Տալլինում գործող Պաշտպանական հետազոտությունների միջազգային կենտրոնի տնօրեն Մեթյու Բրայզան անդրադարձել է Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ անցկացվող բողոքի ակցիաներին։
«Հայաստանը զրկվել է ազատ ընտրությունից՝ էներգետիկ պլանում իրեն ամբողջական կախվածության մեջ դնելով Ռուսաստանից, որը ձեռք է բերել այդ երկրի էներգետիկ ողջ կառուցվածքը: ԱՄՆ-ը երկար տարիներ Հայաստանին առաջարկել է նվազեցնել Ռուսաստանի էներգակիրների մատակարարումներից կախվածությունը: Սակայն Հայաստանը չի վարվել այդ կերպ, և արդյունքում ռուսական ընկերությունները գնել են Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտները: Դա եղել է Հայաստանի իշխանության ռազմավարական սխալը»,- ասել է Բրայզան:
Նա հայտարարել է, որ սխալ կլիներ Հայաստանում անցկացվող ներկայիս բողոքի ակցիաները համեմատել Ուկրաինայում տեղի ունեցած դեպքերի հետ, քանի որ երկու դեպքերը եզակի են. «Հայաստանի կառավարությունը պետք է ռուսական էներգետիկ ընկերությունների հետ նստի բանակցային սեղանի շուրջ: Սխալ կլիներ Հայաստանում անցկացվող բողոքի ակցիաների համար մեղքը բարդել ԱՄՆ-ի վրա, քանի որ Վաշինգտոնը որևէ կերպ կապված չէ այդ իրադարձությունների հետ»:












































