Արցախի հանրապետական կուսակցության ստեղծման նախաձեռնողական խմբի համանախագահողներ՝ Կարեն Օհանջանյանը և Արևիկ Պետրոսյանը Հայաստանում անցկացվող բողոքի ցույցերի վերաբերյալ հանդես են եկել հայտարարությամբ, որում ասված է.
«Հատուկ ուշադրությամբ և ոգեվորությամբ հետևում ենք Հայաստանում անցկացվող «Ոչ թալանին» բողոքական ակցիային:
Արցախի հանրապետական կուսակցության ստեղծման նախաձեռնողական խմբի անունից մեր խորին գոհունակությունն ենք հայտնում ձեր ակցիային` ուղղված Հայաստանի էներգետիկայի բնագավառի սպառողական գնային քաղաքականության ձևավորման մեջ արդարության վերականգնմանը:
Մենք Արցախում միանում ենք ձեր արդար պահանջներին և հույս հայտնում, որ ձեր խաղաղ ցույցերը խթան կհանդիսանան արդարության ու քաղաքացիական հասարակության կառուցման գործում մեր ժողովրդի ինքնագիտակցության բարձրացման համար և կբերեն մեր ժողովրդի միասնականությանը:
Միաժամանակ մենք կոչ ենք անում բոլոր ցուցարարներին ցուցաբերել բարձր քաղաքացիական պատասխանատվություն և հայկական շարժման ավանդույթներին համապատասխան` դրական արդյունքների հասցնել սկսած կենսակարևոր գործը, ու քաղաքակիրթ աշխարհին ցույց տալ հայ ժողովրդի բարձր ոգին և համախմբվածությունը` առաջացած խնդիրները լուծելիս»:








































