ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ Իրանը փորձում է օգուտներ քաղել մերձավորարևելյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակից:
«Մենք տեսնում ենք, որ Իրանը վարում է մի գործունեություն, որն ուղղված է ապստամբություններից օգուտ քաղելուն, հուզումները սեփական շահերի համար օգտագործելուն: Նրանք (իրանցիները.- 1in.am) փորձում են հարևան երկրներում առաջ տանել սեփական օրակարգը, խաթարել կայունությունն ու խաղաղությունը, հրահրել նոր հակամարտություն»,- ասել է Քլինթոնը:
ԱՄՆ պետքարտուղարը նաև անդրադարձել է Լիբիայի խնդրին և ապստամբներին օգնություն ցուցաբերելու հնարավորությանը: «Նրանք կազմակերպչական, հումանիտար և ռազմական աջակցության կարիք ունեն: Մենք ուղիներ ենք փնտրում ընդդիմությանն ապահովելու ֆինանսական միջոցներով, որպեսզի նա ի վիճակի լինի բավարարել իր կարիքները»,- ասել է Քլինթոնը:
ԱՄՆ պետքարտուղարը մանրամասնել է, որ խոսքը որոշ հաշվեհամարների ապասառեցմանն է վերաբերում, որոնք պատկանում են լիբիական կառավարությանը: Բացի այդ, ապստամբներին կարող է օգնություն ցուցաբերվել նրանց վերահսկողության տակ գտնվող նավթահորերից նավթի վաճառքն ապահովելու միջոցով:









































