Եթե ԿԲ-ն արտարժույթի շուկայում դոլար չվաճառեր նախորդ շաբաթ, ապա դրամն այսօր շատ ավելի մեծ չափով արժեզրկված կլիներ: Այս մասին «Առաջին լրատվականի» հետ զրույցում նշեց ՀԱԿ տնտեսական հանձնաժողովի անդամ, Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը: Նրա խոսքով, ՀՀ-ում օտարերկրյա ներդրումների ծավալները գնալով նվազում են, ինչը նշանակում է, որ նվազում է այս ուղղությամբ արտարժույթի հոսքը:
Բացի այդ, այս տարի միջազգային ֆինանսական կազմակերպություններից ստացվող վարկերը կամ դրանց տրանշները շատ ավելի քիչ են, քան նախորդ տարիներին, փոխարենը ավելացել են պարտքի սպասարկման համար անհրաժեշտ արտարժույթի ծավալները, մեծացել է նաև կապիտալի արտահոսքը:
«Մյուս կողմից էլ` թեև մեր արտահանումը աճում է, սակայն ներմուծման և արտահանման տարբերությունը շատ մեծ է, ինչը արտարժույթի լուրջ պահանջարկ է ստեղծում»,- նշեց Վ.Խաչատրյանը:









































