Փոքրիկ Լեոյի նորզելանդացի հայրիկի կինը՝ Ռուզան Բադալյանը, ով իմանալով նորածնի մոտ Դաունի համախտանիշի առկայության մասին՝ լքել էր նորածնին ու նրա հորը Հայաստանում, ասել է, որ ամաչում է իր որոշման համար։
Բայց նա իրեն դատապարտողներին ասում է, որ դա այն ժամանակ թվում էր միակ լուծումը։ 3News-ին տված բացառիկ հարցազրույցում Սեմ Ֆորեսն ասել է, որ ներել է կնոջը, և որ զույգը շարունակում է առաջ քայլել միասին՝ Նոր Զելանդիա տեղափոխվելուց հետո։
Go Fund Me դրամահավաքի կայքում բացված էջով Ֆորեսթին հաջողվել էր ավելի քան 600 հազար դոլար հավաքել։ Ռուզանը վերադարձել է ամուսնու մոտ, և զույգն աջակցություն և ընդունելություն է գտել իր նոր տանը։
Մի քանի շաբաթ շարունակ ողջ աշխարհը խոսում էր Լեո Ֆորեսթի մասին, մորը խիստ քննադատում էին նրան մանկատուն հանձնելու ցանկության համար։
Հակասությունները բաժանեցին զույգին, քանի որ նրանց մշակութային տարբերությունները միմյանց էին բախվել։ Ֆորեսթն իր կնոջը հանդիպել էր, երբ 2012-ին տեղափոխվել էր Հայաստան՝ փախչելով Եղբայրների եկեղեցուց՝ գաղտնի աղանդ, որում նա մեծացել էր։ Մեկ տարի անց նրանք ամուսնացել էին, և շուտով Ռուզանը հղիացել էր։
Լեոն ծնվել է հունվարին։ Բուժանձնակազմը նրանց 10 օր է տվել որոշելու՝ պահո՞ւմ են երեխային, թե՞ հանձնում մանկատուն։
Կինը Ֆորեսթին ասել էր, որ եթե նա վերցնի երեխային, ինքը կհեռանա։ Ֆորեսթը հրաժարվել էր փոքրիկին հանձնել մանկատուն, կինը լքել էր նրան օտար երկրում՝ թողնելով նորածին որդու և ապահարզանի թղթերի հետ միայնակ։
Ռուզանի խոսքով՝ ոչ բոլորը, սակայն մեծամասնությունը նման դեպքերում ուղարկում են երեխաներին մանկատուն։
«Ես ասում եմ՝ մի դատեք, որովհետև երբեք չեք իմանա, թե ինչ կանեք։ Երբեք չէի մտածի, որ կկարողանամ դա անել»,- ասել է նա՝ հավելելով, որ ամաչում է իր արարքից։ Ամուսինը ներել է իրեն, սակայն ինքն իրեն չի կարողանում ներել։
Նրանք հույս ունեն, որ Լեոն ավելի լավ ապագա կունենա այնտեղ՝ մի երկրում, որտեղ արատներն ընդունվում են։
Երբ նրանք սպասելիս են եղել վիզաներին, Բադալյանը քաջատեղյակ է եղել, որ շատերը կասկածի տակ են դնում իր գնալու շարժառիթները։
«Ես գիտեմ՝ նրանք կմտածեն դա, բայց գումարը Լեոյի համար է, ոչ թե իմ»,- ասել է նա։ Հայրը նշել է, որ գումարը հանձնել են վստահության կազմակերպության։
«Կատարյալ մայր չեմ, պարզապես՝ մայր եմ, բայց անում եմ հնարավորը»,- ասել է նա։
Ֆորեսթը ցանկանում է, որ նորզելանդացիներն ընդունեն Ռուզանին և չդատապարտեն նրան Լեոյին նոր ծնված ժամանակ լքելու համար։













































