Թուրքական Posta թերթի փոխանցմամբ` «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) պատրաստ է կոալիցիա ձևավորել «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) հետ:
Դրա հետ կապված` ԱԶԿ-ն պատրաստ է ԱՇԿ-ին առաջարկել 8 նախարարական պորտֆել` ներառյալ նաև էկոնոմիկայի նախարարի պաշտոնը: Թերթի պնդմամբ` կողմերի միջև արդեն իսկ առկա է համապատասխան պայմանավորվածություն, և դրան չի խոչընդոտել անգամ «Կարգավորման գործընթացի» հարցը («Քրդական հարց»):
«Կարգավորման գործընթացը» մասնավորապես վերանվանվելու է «Ժողովրդավարացում»: Կողմերը պայմանավորվել են ահաբեկչություն սկսվելու դեպքում խիստ միջոցներ ձեռնարկել դրա դեմ: Կողմերը համաձայնության են եկել նաև 2013 թվականի դեկտեմբերի 17/25-ի «Մեծ կաշառք» գործի քննման հարցում, որում ներգրավված է ԱԶԿ-ական 4 նախկին նախարար: ԱՇԿ-ն չի պնդելու, որ Էրդողանը վերադառնա «Չանքայա»՝ արդեն նախկին նախագահական նստավայր:
Պայմանավորվածության համաձայն` Թուրքիայի խորհրդարանի նախագահը պետք է լինի ԱՇԿ-ի ներկայացուցիչ: Բացի այդ, ԱՇԿ-ն ստանալու է երկու փոխվարչապետի պաշտոններ:
ԱՇԿ-ական պատգամավոր, ԻՀԿ-ի նախկին նախագահ Էքմելեդդին Իհսանօղլուն, ով նախորդ տարվա նախագահական ընտրություններում ներկայիս նախագահի հիմնական մրցակիցն էր, կդառնա Թուրքիայի արտգործնախարար, Մուրաթ Բեշեսգիօղլուն` ներքին գործերի նախարար, իսկ Կենտրոնական բանկի նախկին նախագահ Դուրմուշ Յըլմազը` էկոնոմիկայի նախարար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ թուրքական մամուլը գրել էր, որ ԱԶԿ-ն պատրաստ է ԱՇԿ-ին առաջարկել 6, իսկ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությանը (ԺՀԿ)` 8 նախարարական պորտֆել: Բացի այդ, հաղորդվել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ցանկանում է կոալիցիա ձևավորել ԱՇԿ-ի հետ, իսկ նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը` ԺՀԿ-ի հետ:











































