Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը կարծում է, որ եթե հանկարծ Տիգրան Կարապետյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը միանան, քաղաքական դաշտում առանձնապես լուրջ տեղաշարժ չի արձանագրվի: Ավելին, նա կասկածում է, որ այդպիսի ալյանս ընդհանրապես կստեղծվի, քանի որ դա տարօրինակ ալյանս կլինի:
«Եթե Տիգրան Կարապետյանը հացադուլի ընթացքում նեցուկ եղավ Րաֆֆի Հովհաննիսյանին, դա որևէ արտառոց բան չէր պարունակում, որովհետև Րաֆֆի Հովհաննիսյանին այդ օրերին աջակցեցին շատ շատերը, այդ թվում՝ Կոնգրեսի բոլոր առանցքային դեմքերը, բնականաբար՝ Լևոն Տեր-Պետրոսյանի իմացությամբ: Հետևաբար, դրանից բխեցնել, թե նրանք կմիավորվեն՝ կարծում եմ, քիչ հիմնավորված է: Մանավանդ որ լուրջ տարաձայնություններ կային, հրապարակային փոխհրաձգություն կար»,- արձագանքեց Հմայակ Հովհաննիսյանը:
Սակայն, նրա խոսքերով, ինչպես մեր քաղաքական պատմությունն է ցույց տալիս, քաղաքականության մեջ ցանկացած տարօրինակ ալյանսներ հնարավոր են, եթե խնդիր կա ամեն գնով հաղթահարելու 5 տոկոսանոց արգելքը և մուտք գործելու խորհրդարան, կամ էլ պահպանելու մանդատները:








































