Մուամար Քադաֆիի դուստրը այսօր վաղ առավոտյան դուրս է եկել Տրիպոլիի փողոցներ` ոգևորելով հոր կողմնակիցներին և մեղադրանքներ ուղղելով Արևմուտքի դեմ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
«1911 թ. պապս մահացել է Իտալիայի օդուժի հարձակման հետևանքով, իսկ հիմա նրանք ուզում են սպանել իմ հորը: Աստված պատժի նրանց»,- ասել է Աիշա Քադաֆին: Այս հայտարարությունը նա արել է մայրաքաղաք Տրիպոլիում, ԱՄՆ կողմից Լիբիայի դեմ ռազմական գործողություններ սկսելու 25-ամյակի առիթով:
Հիշեցնենք, որ 1986 թ. ապրիլի 15-ին ԱՄՆ-ը սկսել էր «Էլդորադոյի կանյոն» օպերացիան, որի ժամանակ Բենղազին և Տրիպոլին ենթարկվել էին ռմբակոծության։ Դա հետևել էր Լիբիայի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների վատթարացմանը, ինչը Լիբիայի կողմից ահաբեկիչներին օժանդակելու հետևանք էր:
Բացի այդ, Լիբիայի դիկտատոր Մուամար Քադաֆին անձամբ է դուրս եկել Տրիպոլիի փողոցներ` ողջունելու իրեն աջակցող ցուցարարներին: Սև ակնոցով և բաճկոնով, կանաչ սոմբրերոյով Քադաֆին, երկրի պետական հեռուստատեսության պնդմամբ, դուրս է եկել շրջելու փողոցներով ՆԱՏՕ-ի օդուժի կողմից իրականացված ռմբակոծություններից անմիջապես հետո:
Տեսանյութում պատկերված է, թե ինչպես Քադաֆիին շրջապատում են հարյուրավոր մարդիկ՝ դրոշներով ողջունելով նրան: Քադաֆին էլ, մատներով ցույց տալով հաղթանակի նշանը «V», սեղմում է աջակիցների ձեռքը:










































