Հանրաքվեի մասին օրենքի քննարկման ժամանակ, որ մեկնարկել է նախօրեին Հայաստանի Ազգային ժողովում, բավական սուր, նույնիսկ փոխադարձ վիրավորանքներով բանավեճ է տեղի ունեցել ոչ իշխանական երբեմնի դաշնակիցների՝ ՀԱԿ-ի և ՀՅԴ-ի ներկայացուցիչների միջև: Նույնը տեղի է ունեցել նաև ՀՅԴ-ի և ՕԵԿ-ի ներկայացուցիչների միջև: Այստեղ, ըստ էության, էական չէ, թե ինչի շուրջ է եղել վեճը, որն է եղել վեճի առարկան: Նշենք միայն, որ օրենքի հեղինակներից մեկը ՀՅԴ-ն է, և այդ ամենը տեղի է ունեցել, երբ կուսակցության ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը ներկայացրել է օրենքի նախագիծը, իսկ ՀԱԿ-ն ու ՕԵԿ-ն էլ ունեցել են բովանդակային անհամաձայնություններ:
Խնդիրն, ի վերջո, այս մասով շատ պարզ է, և օրենքը անցնելու է այն տեսքով, ինչ տեսքով որ կնախընտրի ՀՀԿ-ն, և հայոց խորհրդարանում բովանդակային քննարկումները այլևս զուտ գեղագիտական երևույթ են՝ կարող են լինել ականջի և աչքի համար հաճելի կամ տհաճ, սակայն ելքի առումով ՀՀԿ-ն գալիս է արդեն ամեն ինչ վճռած: Խնդիրն այստեղ ունի այլ ասպեկտ, և հատկանշական է, որ սուր, փոխադարձ վիրավորանքներով բախումները տեղի են ունենում ոչ թե բացարձակ մեծամասնություն ՀՀԿ-ի, այլ, այսպես ասած, ոչ իշխանական ուժերի միջև:
Այս երևույթը ամենայն հավանականությամբ կսկսի հաճախակի կրկնվել, և սա պայմանավորված է մի հանգամանքով՝ Հայաստանը մտնում է նախընտրական շրջան, խորհրդարանական ընտրությունները սարերի հետևում չեն: Իսկ սա նշանակում է պայքար խորհրդարանական արևի տակ տեղ ունենալու համար: Եվ, բնականաբար, հայաստանյան քաղաքական ուժերը հասկանում են, որ այդ տեղերը չեն կարող խլել ՀՀԿ-ից, ստիպված են լինելու միմյանցից խլել այդ տեղերը: Այսինքն՝ այդ ուժերը միմյանց տեսնում են որպես մրցակիցներ խորհրդարանական տեղերի համար պայքարում: Իսկ եթե նկատի առնենք այն, որ հազիվ թե ՀՀԿ-ն որոշի առաջիկա ընտրություններում զիջել բացարձակ մեծամասնությունը, իսկ դա նրան պարտադրող ուժ, ըստ էության, չկա, ապա պարզ է դառնում, որ տեղերը սահմանափակ են, և հետևաբար՝ այսօր խորհրդարանում տեղ ունեցող ուժերը ոչ միայն կարող են մանդատների որոշ մասը, այլ ընդհանրապես տեղերը խորհրդարանում կորցնել:
Այս տեսանկյունից, սպասվում է շատ սուր պայքար, և կասկած չկա, որ Սերժ Սարգսյանը կփորձի հնարավորինս յուղ լցնել կրակին, գուցե, այսպես ասած, կուլիսային տեղեկատվության միջոցով: Նա այսօր զբաղված է առաջիկա ընտրությունների և իշխանական վերադասավորումների հարցում ներիշխանական թեժ պայքարը կառավարելով և նրա համար ցանկալի է, որ այդպիսի մի ներքին պայքար էլ լինի, այսպես ասած, ընդդիմադիր կամ ոչ իշխանական բևեռում, որպեսզի այնտեղ անցանկալի կամ անկառավարելի որևէ պրոցես չհասցնի հասունանալ, մինչ ինքը կդասավորի իշխանությունը ներսում:
Ինչպես երևում է, զուգահեռ պայքարն ապահովված է, և այն բավական թեժ է լինելու՝ դատելով խորհրդարանում երեկ տեղի ունեցած դրվագներից:
Լուսանկարը՝ Photolure-ի








































