Բարեփոխումների գործընթացը ՀՀ-ում շարունակում է ճիշտ ուղղությամբ ընթանալ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան: Նրա խոսքով ձեռնարկվում են որոշ դրական քայլեր հարկային և մաքսային համակարգերում:
Այժմ տնտեսվարողները լիարժեք կարող են բողոքարկել Պետական եկամուտների կոմիտեի որոշումները` Կոմիտեից դուրս գտնվող մարմնում` գանգատարկման հանձնաժողովին: «Սա նախադատական գործընթաց է, հանձնաժողովում հավաքված են հարկային ոլորտի փորձագետներ, ովքեր կարողանում են լուծումներ գտնել շատ ավելի արագ, քան կարող է անել դատական համակարգը»,- ասաց Գ. Տոլոսան` հավելելով, որ արդեն գործում են նաև հարկ վճարողների սպասատրման կենտրոններ, որոնք ստուգող մարմինների հետ կապ չունեն, սակայն որտեղ հարկ վճարողները կարող են զանգել և իմանալ իրենց հարկային պարտավորությունների չափը:
«Բացի այդ, այսօր հարկ վճարողներից պահանջվում է ավելի քիչ հաճախականությամբ և պակաս թվով հաշվետվություններ ներկայացնել: Այս քայլերի ընդհանուր ուղղությունն է ընկալման մեջ ավելի արդար դարձնել հարկային համակարգը: Այս ոլորտում ապագայում սպասվում են ծանր մարտահրավերներ»,- ասաց Գ. Տոլորման:
Ի տարբերություն այս ուղղությամբ տարվող դրական փոփոխությունների` ըստ Գ. Տոլոսայի` իրենք որևէ քայլ չեն տեսնում կառավարության կողմից հարկերի հավաքագրման չափերի ավելացման առումով:
Հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը Հայաստանում, նրա խոսքով, 2010 թվականին այնքան ցածր էր, որքան 2009թ, ինչն անընդունելի է: Նախկին ԽՍՀՄ հանրապետություններից հարկեր/ՀՆԱ ցուցանիշով մենք նախավերջին տեղում ենք` Տաջիկստանից հետո:











































